Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝սեպտեմբերի 5-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանն առաջին անգամ ցուցմունք տալու ցանկություն հայտնեց։
Մինչեւ ցուցմունքն սկսելը դերասանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «Հ2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող Ռուբեն Գեւորգյանցի ֆիլմը թյուրիմացության մեջ է գցել որոշ հեռուստադիտողների, թե ինքն ազատության մեջ է։
«Մարդիկ ուրախանում են որ դրսում եմ, բայց դա երկու տարի առաջ էր»,- ասաց դերասանը՝ հեռուսաաընկերություններին հորդորելով զերծ մնալ այնպիսի հրապարակումներից, որտեղ ինքը թեկուզ փոքր մասնակցություն ունի։
Դերասանն սկսեց նրանից, թե ինչու մինչեւ հիմա չի ցանկացել ցուցմունք տալ. «Պատճառները շատ են։ Ավագ քննիչ Հայկարամ Հակոբյան փորձել է ցուցմունք կորզել առանց իմ փաստաբանի ներկայության, կալանավայրում ցուցմունք չեմ տվել, քանի որ իմ պաշտպանին ժամանակին չէին տրամադրվում գործով փաստաթղթերն ուսումնասիրելու համար, ես ցուցմունք չեմ տվել որպես բողոքի ակցիա։ Երրորդ՝ դատարանում իմ նախաձեռնությամբ ես որոշեցի ցուցմունք չտալ, որովհետեւ որոշեցի միակողմանի քայլեր անել դեպի հաշտեցում։ Դա առաջին քայլն էր՝ ցուցմունք չտալ, քանի որ դա կլիներ հակասություն տուժող կողմի ասածին, սակայն շատ ագրեսիվ հակազդեցություն եղավ տուժողների կողմից, ասում էին, թե ես վախենում եմ ցուցմունք տալ։ Մի անգամ ասեցին՝ տղամարդկություն չունի ցուցմունք տալու։ Տեսնելով, որ նրանք ցանկանում են, որ ես ցուցմունք տամ, ես որոշեցի անել դա»։
Դրանից հետո Վարդան Պետրոսյանը մանրամասն պատմեց դեպքի օրվա կատարվածը։
«Ավտովթարի օրը նախապես պայմանավորվածությամբ «Չէին սպասում» հաղորդաշարը պետք է նկարահանումներ աներ Սարալանջ գյուղի իմ տանը։ Առավոտյան քրոջս տնից դուրս եմ եկել, եկել եմ գյուղ, ես զբաղվել եմ ընկույզ հավաքելով։ Եկավ նկարահանող խումբը, սկսել ենք նկարահանումները։ Բավականին զվարճալի, արագ նկարահանում եղավ, եւ ռեժիսորն առաջարկեց նկարահանում անել նաեւ «Քաղցած չէին սպասում» հաղորդման համար։ Ես մի քիչ կողմ չեն եղել, ես առհասարակ չեմ սիրում, որ ցույց են տալիս ուտող մարդկանց, համեղ պատառներ, թե ինչ լավ ենք ապրում։ Ես գյուղում էի, առաջարկեցի բավարարվել եղածով, քույրս եւ բարեկամներս պետք է գային, խնդրեցի գնել ձուկ եւ պարագաներ,պատրաստեցինք ձկան հետ կապված մի բան։ Խնջույք չի եղել. նկարահանումը վերջանում է, երբ սեղան են նստում։ Բացառվում է օղի դնել սեղանին, օղու շիշ դնել, որեւէ օղու շշի պիտակ եղավ, կդիտարկվի՝ գովազդ։
Ջուրը լցվել է գրաֆինկայի մեջ, դա նկարհանվել է, դա չեն ստուգել, Աստված իրենց հետ, նկարահանվել է նաեւ այն, երբ ասում են՝ ջուրը լցրեց։ Սուրենն ասում է՝ կադրը փչացավ։ Երկու փաստն էլ ցույց են տալիս, երկու տեղ նկարհանված է, որ ջուր է եղել»,- պատմեց Վարդան Պետրոսյանը։
Նկարահանող խմբի հեռանալուց հետո, դերասանի խոսքով, հեռացել են նրա քույրն ու բարեկամները, ավելի ուշ՝ նաեւ ինքն է ճանապարհ ընկել Երեւան։ Ըստ նրա՝ ինքը չէր կարող ալկոհոլ օգտագործել, քանի որ հաջորդ օրը ներկայացում ուներ, իսկ ներկայացումից առաջ ինքն ալկոհոլ չի օգտագործում, ինչպես նաեւ նկարահանման ժամանակ։ Գիշերը Երեւան գալու պատճառն էլ, ըստ դերասանի, այն էր, որ Սարալանջում ջրի խնդիր կա, իսկ ինքն առավոտյան հարցազրույցի համար էր պայմանավորված։
Դերասանը վստահեցրեց, որ Եղվարդ-Երեւան խճուղում, որտեղ որտեղ տեղի էր ունեցել է ողբերգությունը, մեքենան վարել է թույլատրելի արագությամբ. «Ես վարել եմ ժամում 40 կմ արագությամբ, Եղվարդում դպրոցի մոտ քառասուն է, կանգնել եմ խաչմերուկում»։
Սարալանջի հարեւանի՝ Օնիկի Հակոբյանի հետ, Վարդան Պետրոսյանի խոսքով, ինքը խոսել է, Եղվարդ քաղաքի սեփական տների մոտ, ասել, որ տանը, գնում է քաղաք ու հետո կզանգի։
«Խաչմերուկից դուրս եմ եկել, մի քիչ ավելի անց տեղի է ունեցել ավտովթարը։ Ես վարել եմ ինճ հասանելիք աջ կողմով, Ֆրանսիայում եմ վարել սովորել, այնտեղ սովորեցնում են վարել կողնակին մոտ, արգելք չհանդիսանալ վազանց անողներին, առավելեւս, երբ սարսափելի վատ ճանապարհ է, լույս չկա։ «Նիվայի» հետադարձ լույսը վառված էր, մի քանի անգամ նշան եմ արել դալնի բլիժնի լույսերով։ Անսպասելիորեն «Նիվան» թեքվել է դեպի խճուղի, հողային մասից դուրս է եկել դեպի բանուկ մաս եւ եղել է բախում։ Ցավում եմ, որ ձայնային ազդանշան չեմ տվել։ Ես փորձել եմ արգելակել, արգելակել եմ։ Գիտակցությունս տեղն է եղել։ Կուրծքս էր ցավում, ինձ տարել Եղվարդի հիվանդանոց, ալկոթեստ են անցկացրել, տեղափոխել «Էրեբունի»։ Փրկարարներն ասեցին՝ քշելու ենք արագ։ Ինձ ժամանակ առ ժամանակ ապտակում էին, ես հասկացա, որ մեռնում են։ Ես նրանց կատակներ եմ պատմել, ուրախացրել եմ։ Չեմ իմացել, որ երեխաներ են մահացել։ Ուրախ էի, որ մահվան դռան առաջ ուժ եմ գտել մարդկանց ուրախացնելու, կատակելու։ Տղաների ոգին բարձրացնելու համար եմ կատակել։ Վիրահատել են ինձ շատ արագ, ասացին, որ կես լիտր արյուն եմ կորցրել, հանել են փայծախը, կարկատել են լյարդը։ Ինձ ասել են, որ եղել է ավտովթար, ամենածանրը քո վիճակն է, դա ինձ ուժ էր տալիս, ես չէի հասկանում, կատակ էի անում, չէին ուրախանում. բժիշկները տեղյակ էին զոհերի մասին, բայց վերաբերվում էին լավ»,- դեպքի օրվա մանրամասները պատմեց Վարդան Պետրոսյանը։
Իր պաշտպանի հարցերին պատասխանելիս դերասանը նաեւ ասաց, որ իր մեքենայում եղել է միայն ինքը, եւ սուտ են այն բամբասանքները, թե իր հետ եղել են չորս կանայք։
Վարդան Պետրոսյանը վստահեցրեց, որ վթարը տեղի է ունեցել փողոցի բանուկ մասում, եւ ոչ թե հողային հատվածում։ Դերասանի խոսքով, եթե մի փոքր լուսավորություն լիներ, վթարը կարող էր չլիներ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վարդան Պետրոսյանին այժմ հարցեր է ուղղում Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը։ Դերասանը, ինչպես նախկինում հայտարարել էր, հրաժարվում է պատասխանել նրա հարցերին։ Չնայած դրան Բալոյանը շարունակում է իր հարցերը։











