ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկայացել է «բարձր տրամադրությամբ»։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտեցող լրագրողներին տեսնելով՝ Աղաբաբյանը փորձեց հեգնել լրագրողներին ու միանգամից ասաց՝ «լավ չի»՝ նկատի ունենալով երկրի վատ վիճակի մասին հարցեր տալու լրագրողների «սովորությունը»։

«Ի՞նչը լավ չի»,- հետաքրքրվեցին լրագրողները։

«Դուք եք այդպես ձեւակերպում։ Եթե ձեւակերպեք այնպես, ինչպես իրականում կա, ապա իրավիճակն այ սենց է»,- պատասխանեց պատգամավորը՝ բութ մատը վեր պարզելով. «Շատ լավ ա, մեռնեմ Հայաստանիս ջանին»։

Լրագրողի հարցին՝ հիմա՞ է լավ, թե Քոչարյանի ժամանակ, Աղաբաբյանը պատասխանեց. «Ոչ Քոչարյանի ժամանակ, ոչ էլ էսօր։ Ավելի լավ պիտի լիներ»։

Հարցին, թե ով է մեղավոր դրա համար, պատասխանեց. «Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասեմ՝ հերիք է, էլի»։

Տեսանյութը` yerkir.am