Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել Երեւանի բնակչից, թե հարեւանուհին իրեն տարօրինակ է պահում, եւ կարծես թե ինքնասպանության փորձ է ուզում անել՝ նետվելով պատշգամբից։
Ահազանգի հետքերով նշված հասցե մեկնած ոստիկանները քաղաքացուհի Նառա Առուստամյանին գտել են իր բնակարանում՝ թմրամիջոցի ազդեցության տակ։
Ոստիկանները նրա բնակարանից 40 գրամ չորացրած կանաչավուն կանեփանման զանգված են հայտնաբերել։ Ոստիկանների հարցին՝ տանն էլի կա արդյոք թմրամիջոց, Նառա Առուստամյանը պարզապես կանգնել է ու թաքստոցից հանել մի քանի տոպրակ, ոստիկանության գնահատմամբ, ընդհանուր առմամբ՝ մոտ 5 կգ։
Ոստիկանության տեսանյութից երեւում է՝ ինչպես է կինը հանգիստ ոստիկաններին ներկայացնում տոպրակները՝ ամբողջ ժամանակ ծիծաղելով, ու ափսոսանքով նայում թմրանյութին։
«Բայց լավն ա, չթափեք, էլի ժողովուրդ, մեկին պետք կգա....մեկ էլ մի քիչ թողեք, էլի. սաղ չտանեք»,- ծիծաղելով ասում է կինը։
Բերման ենթարկվելուց հետո Նառա Առուստամյանը պատմել է, որ անձամբ է աճեցրել թմրամիջոցը Մուսալեռում իրեն պատկանող հողում՝ անձնական օգտագործման համար։
Նառա Առուստամյանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։











