Փոքր ՀԷԿ-երը եւ հանքարդյունաբերությունը Ողջի գետը վերածում են մեռյալ գետի: Ողջիի աղետալի վիճակը «ԷկոԼուրի» տեսախցիկը ֆիքսել է օգոստոսի վերջին`Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ: Կապանի եւ Քաջարանի միջեւ ընկած հատվածում՝ չհասած Ողջիի կոնսերվացված պոչամբար, գետն ամբողջովին ջրազրկված է: «Մի քանի մարդիկ ջուրը վերցնում են եւ էլեկտրաէներգիա են ստանում, եւ տեսեք, թե ինչ վիճակում է այս լեռնային գետը՝ ջուր չկա»,- ասել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նշենք, որ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, Ողջի գետի վրա կառուցված են «Ողջի 2» եւ «Ողջի 3» ՓՀԷԿ-երը, որոնք շահագործում է «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն:

Հակոբ Սանասարյանը նշել է, որ ՀԷԿ-երից բացի Ողջի ջուրն օգտագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը:

«Քանի որ նրանք, կարելի է ասել, օրեցօր իրենց հզորությունները մեծացնում են, արդեն Որոտանի ջուրն իրենց այլեւս չի բավարարում, նրանք գետի առջեւ կառուցված ջրամբարն ուզում են օգտագործել որպես ջրային աղբյուր՝ ծրագիրն ընդլայնելու համար: Իրենք ուզում են ավելի մեծ քանակությամբ հանքաքար մշակել, հետեւաբար ավելի շատ ջուր է պետք: Ըստ ինձ հասած տեղեկությունների` յուրաքանչյուր 1 խ/մ ջրի համար վճարում են 0,5 դրամ: Կա տեսակետ, որ դա էլ չի վճարվում», - ընդգծել է Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ Ողջին արդեն մեռյալ գետ է եւ իր մոտ 300 միլիոն խմ տարեկան ջրային հոսքը դուրս է գալիս Հայաստանի ջրային համակարգից եւ միաժամանակ դառնալու է թունավորման աղբյուր: Իսկ գետի կենսաբազմազանության մասին խոսք անգամ չի կարող լինել՝ ձկնաշխարհը նույնպես մեռած է:

Ողջի գետը գոյանում է Կապուտջուր եւ Քաջարանց գետերի միախառնումից եւ ԼՂՀ-ի տա-րածքում ձախից թափվում Արաքսի մեջ: Երկարությունը 82 կմ է: