Դատախազ Գեւորգ Գեւորգյանի մեղադրական ճառը եւ «Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալների համար դատարանից պահանջած ազատազրկման խիստ ժամկետները այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրդովեցրին ինչպես ամբաստանյալներին, այնպես էլ  նրանց հարազատներին եւ ընկերներին:

Մեղադրյալ Տիգրան Պետրոսյանը, որի համար դատախազը պահանջեց չորս տարվա ազատազրկում մեղադրական ճառի վերջում ասաց, որ ազատազրկումն իրենց չի կանգնեցնի. «Լավ կլիներ, գնդակահարեին, մեկ ա՝ մեզանից սենց հեշտ չեն պրծնելու»:

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը դիմեց դատախազին. «Քիչ ես ուզել, պարոն Գեւորգյան, միանգամից ցմահ պահանջեիք»:

NEWS.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատավորից, ամբաստանյալ Ալեք Պողոսյանը պատասխանեց. «Մեզ քիչ ա հետաքրքում դատավորի վճիռը»:

Վահե Մկրտչյանի մայրը ասաց, որ չէր սպասում նման վճռի, նա վստահ է, որ դատախազը քաղաքական պատվեր է կատարում. «Սպասում էինք, որ պիտի դատվեն, բայց ոչ էս աստիճան, մարդասպաններին էնքան չեն տալիս, որքան իրանց տվեցին»:

Շանթ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատախազի նման միջնորդությունը իր համար սպասելի էր, քանի որ «բազմիցս համոզվել են, թե էս իշխանությունները ինչ ստոր են»:

Հարցին, թե մեղադրական ճառը կարդալիս ի՞նչ էր հայրը շշնջում իր ականջին, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, պատասխանեց՝«Ասում էր. դուխդ տեղը պահի»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդեց դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Ալեք Պողոեսյանին՝ 6 տարի, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am