Հայաստանում կտրուկ նվազել են ջերմոցային գազերի արտանետումները. 1990թ. hամեմատությամբ 2010թ. ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները կրճատվել են մոտ 3 անգամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանում Կլիմայի փոփոխությանը վերաբերող միջազգային աշխատաժողովի ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունն ու ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ:
Նախարարը նշել է, որ արտանետումների նվազման ամենամեծ չափաբաժինն արձանագրվել է «Էներգետիկա» սեկտորում, սակայն էներգետիկան մնում է ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուր, որին բաժին է ընկնում ազգային արտանետումների 68%:
«Զրկված լինելով սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարներից՝ Հայաստանն, այնուամենայնիվ, ունի վերականգնվող էներգիայի զգալի ռեսուրսներ, որոնց արդյունավետ օգտագործումը եւ էներգախնայողությունը` ի թիվս այլոց, երկրի կայուն զարգացման եւ բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման եւ հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար»,- ասել է Արամայիս Գրիգորյանը:
Իր խոսքի ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը հայտարարել է, որ բնապահպանական հիմնական մարտահրավերների եւ ծառացած սպառնալիքների լուծման հիմնական ուղին պետությունների համագործակցության եւ մոլորակի ու ապագա սերնդի նկատմամբ նրանց պատասխանատվության զգացումն է:
Աշխատաժողովի նպատակները ներկայացրել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարության ներկայացուցիչ Ուիլյամ Կոջոն՝ շեշտելով, որ համաժողովը հնարավորություն կտա ռեսուրսներն արդյունավետորեն ուղղել հիմնախնդիրների լուծմանը եւ զեկույցների կազմմանը:
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են զեկույցներ իրենց երկրներում առկա խնդիրների առանձնահատկությունների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
Նշենք, որ աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը եւ կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը նախատեսված է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովի որոշմամբ:
Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի 47 երկրի 54 ներկայացուցիչ, որոնք հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց փորձը կլիմայի փոփոխության ազգային զեկույցների ձեւակերպման մասով, ինչպես նաեւ քննարկել խնդրին առնչվող ազգային մակարդակներով կազմակերպչական, համակարգման եւ ֆինանսական ներդրումների ներգրավման հարցերը:











