Ով ինչ կառույց կստեղծի, իր գործն է: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկներ» միությանը:
«Ես կապ չունեմ, ոչ էլ ոչ մի բան: Տեսա՞ր՝ ես ոնց եմ գնահատում: Իմ համար այսօր երկիր-պետություն կա, ով ինչ անում ա, իրա գործն ա: Տենց կառույց գիտե՞ս` քանի հատ կա: Այսօր հայ ազգ գոյություն ունի, ինձի պետք ա, որ ես իմ երկրին, պետությանը ծառայություն մատուցեմ, երիտասարդներին, երեխաներին, թե չէ… »,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Հարցին, թե Ռուբեն Գեւորգյանի ստեղծած նոր միությունը արդյոք չի պառակտում ազատամարտիկներին, գեներալ-լեյտենանտը պատասխանեց. «Ոչ, ազատամարտիկը չի կարա պառակտվի: Լսեք, իմ աշխատանքից, իմ անդամներից հարցրեք, իմ երկրապահներից հարցրեք: Իսկ ազատամարտիկները լայն հասկացություն է: Երկրապահը կառույց ա, մնացածը տարբեր կառույցներ են, իսկ ազատամարտիկներ շատ-շատ կան, ես իրանց հետ ի՞նչ կապ ունեմ»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ Ռուբեն Գեւորգյանի ստեղծած միությունը, ինչպես ինքն է հայտարարում, արդեն ունենա 4500 անդամ, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Եթե ասելով ա, դու էլ ասա, որ 10 հազար անդամ ունես»:
Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի վերջին «ակտիվացումները», ազատամարտիկների հետ հանդիպումները եւ նրանց ԲՀԿ-ի շուրջ համախմբելը խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին եւ հատկապես գեներալներների զույգին` Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին:
Ասում են նաեւ, թե «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գեւորգյանը նպատակ ունի սահմանափակել ԵԿՄ-ի եւ հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։ «Իրատես դե ֆակտոյի» տեղեկություններով, նաեւ չի բացառվում, որ առաջիկայում այս հարցով «հանդիպումատիպ» մի բան լինի գեներալների եւ Ռուբեն Գեւորգյանի միջեւ:











