ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնի անեկդոտով պատասխանեց լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկներ» միությանն արդեն անդամագրված լինեն 4500 ազատամարտիկներ, ինչպես հայտարարել է Ռուբեն Գեւորգյանը։

«Էդ անեկդոտը գիտե՞ս, որ մեկը գնում ա՝ ասում ա, բժիշկ ջան մի հատ դեղ տուր, կնգաս հետ օրը վեց անգամ.... Ասում ա, որ ասելով ա, դու էլ ասա էլի։ Դու էլ ինչքան ուզում ես՝ թիվ ասա»:

Նշենք, որ հայտնի անեկդոտի հերոսը բժշկից դեղ էր ուզում պարծենկոտ հարեւանի սեռական ակտիվությանը հասնելու համար։

Հւշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի վերջին «ակտիվացումները», ազատամարտիկների հետ հանդիպումները եւ նրանց ԲՀԿ-ի շուրջ համախմբելը խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին եւ հատկապես գեներալներների զույգին` Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին:

Ասում են նաեւ, թե «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գեւորգյանը նպատակ ունի սահմանափակել ԵԿՄ-ի եւ հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։  «Իրատես դե ֆակտոյի» տեղեկություններով, նաեւ չի բացառվում, որ առաջիկայում այս հարցով «հանդիպումատիպ» մի բան լինի գեներալների եւ Ռուբեն Գեւորգյանի միջեւ: