Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան 139-րդ դպրոցի՝ գործադուլ հայտարարած ուսուցիչները թեեւ արդեն աշխատանքի են դուրս եկել, սակայն շարունակում են բողոքել ԿԳ նախարարի որոշման դեմ: Ուսուցիչները վիրավորած են, որ հաշվի չեն առել կոլեկտիվի կարծիքը եւ անսպասելիորեն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել դպրոցի անձնակազմին անծանոթ Կլարա Ջհանգիրյանին՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դստերը: Ուսուցիչները պահանջում են, որ մինչեւ տնօրենի ընտրությունը նրա պարտականությունները ստանձնի դպրոցի 22 տարվա փոխտնօրեն Հերմինե Դավթյանը:
Փոխտնօրեն Հերմինե Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե որն է ուսուցիչների զայրույթի պատճառը։
«Հուլիսի 15-ին առողջական վիճակի պատճառով հանեցին աշխատանքից դպրոց տնօրենին, օգոստոսի 1-ից նախարարի հրամանով ես նշանակվել եմ տնօրենի պարտականությունները կատարող: Կոլեկտիվը պատրաստվեց սեպտեմբերի 1-ին, սեփական ուժերով արեց այն, ինչ հնարավոր էր: Թվում էր, թե ամեն ինչ լավ էր, դասացուցակը գրվեց, դպրոցն իր բնականոն հունի մեջ էր:Եւ հանկարծ անակնկալ ձեւով սեպտեմբերի 4-ին Կլարա Ջահանգիրյանին նշանակեցին տնօրենի պաշտոնակատար, որն անականկալ էր կոլեկտիվի համար եւ ինձ համար առաջին հերթին, եւ պատճառ դարձավ կոլեկտիվի ըմբոստացմանը, եւ մեկ օր գործադուլ արեցին: Դա ոչ թե Կլարա Ջահանգիրյանանձի հետ է կապված, այլ ընդանրապես այդ երեւույթը չընդունվեց կոլեկտիվի կողմից»,- NEWS.am-ին պատմեց փոխտնօրենը, որը պատրաստվում է մասնակցել տնօրենի համար մրցույթին:
Մանկավարժի 34 տարվա փորձ ունեցող փոխտնօրենի խոսքով՝ Կլարա Ջահանգիրյանի եւ ուսուցիչների միջեւ հարաբերությունները դեռ լարված են, բայց ինքը ուսուցիչներին հորդորել է այսօր աշխատել, որպեսզի դպրոցականները չտուժեն: Նրանք սպասում են ԿԳ նախարարի եւ ՀՀ վարչապետի պատասխաններին, որոնց դիմել են՝ հայտնելով իրենց բողոքը:
139 դպրոցի ուսուցիչների խոսքով, իրենց բարկացրել է այն, որ հաշվի չեն առել կոլեկտիվի տեսակետը:
«Մենք մեծ մասամբ խորհրդային դպրոց անցած մարդիկ ենք, որտեղ կոլեկտիվը ուժ է, ով ուզում է՝ լիներ պաշտոնակատարը, սա լինելու էր: Անհարմար դրության մեջ ենք եւ մենք, եւ իրենց պաշտոնակատարը, որովհետեւ էսօր մենք ճակատ ենք տալիս էն մարդու դեմ, ում չեն ճանաչում: Ակնկալում ենք, որ ճիշտ լուծում տան ու հաշվի առնեն, թե կոլեկտիվն ինչ է ուզում: Մենք ամբողջ կոլեկտիվով սպասում էինք տնօրենի մրցույթին: Իրենք կոլեկտիվին դարձրին բնական հավասարակշռությունը կորցրած անհատների խումբ, որոնք կարող են նաեւ պոռթկալ»,- NEWS.am- ին ասաց հայերենի ուսուցիչ Անահիտ Իգիթյանը:
Ուսուցիչներին վիրավորել է նաեւ Կլարա Ջհանգիրյանի մոտեցումը, ասում են՝ «նա խոսելու ձեւ չունի, ինչն էլ անտիպատյայի պատճառ է»:
Ռուսերենի ուսուցչուհի Մովսիսյան Նունեն էլ հավատացրեց, որ իրենք կպայքարեն, մինչեւ իրենց խոսքը տեղ հասնի, եւ հնարավոր են նոր գործադուլներ:
«Հիմա էնքան բորբոքված եմ, եթե հաստատ իմանամ, որ ինքն է տնօրեն լինելու, դիմումս կգրեմ, դուրս կգամ: Էս կոլեկտիվից էլ դուրս կգամ, եթե չպայքարեց մինչեւ վերջ, եթե սկսել ա պայքարը, ուրեմն մինչեւ վերջ պիտի պայքարի»,- ասաց ռուսերենի ուսուցիչը:











