Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղբանտարկյալների մի քանի տասնյակ հարազատներ ու ընկերներ այսօր` սեպտեմբերի 9-ին, Հայաստանի  քաղբանտարկյալներին ազատելու պահանջով հավաքվել էին Ազատության հրապարակում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ Ազատության հրապարակ էին բերել «Պայքարը կյանք է, անտարբերությունը` մահ», «Ազատությունն սկսվում է քաղբանտարկյալների ազատությունից» գրությամբ պաստառներ:

«Այսօր աշխարհի մի շարք քաղաքներում մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում, բողոքում են Հայստանում քաղբանտարկյալների առկայության դեմ: Մենք էլ այստեղ ենք հավաքվել, նպատակը միասնականությունն է, եւ մեր միասնական պահանջն է ազատել Հայաստանի 17 քաղբանտարկյալներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Ֆելիքս Հայրապետյանը` նշելով, որ եթե անգամ տարբեր երկրներում մարդիկ բողոքի ակցիաներ չիրականացնեին,  միեւնույն է, իրենց բողոքն արդարացված կլիներ, քանի որ իրենց վրդովեցրել է նախորդ օրը Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ, անչափահաս Շահեն Հարությունյանին 5 տարով ազատազրկելու` դատախազ Գեւորգ Գեւորգյանի պահանջը:

Նշենք, որ ակցիային մասնակցում էր «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, Նախախորհրադարանի անդամներ:

Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանի խոսքով` եթե անգամ քաղբանտարկյալներին ազատեն, դա ազատություն չի լինի, քանի որ Հայաստանը կալանավայր է:

«Հայաստանը մեծ բերդ է, բոլորս էլ քաղբատարկյալներ ենք, պարզապես տղաները գտնվում են մեկուսարանում»,- հայտարարեց նա:

«Նոյեմբերի 5-ի գործով» ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանի եղբայրը, որը նույնպես Ազատության հրապարակում էր, ասաց, որ Լիպարիտ Պետրոսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկելու` դատախազի պահանջն անարդարացի էր եւ չի կարող վախեցնել ու հետ պահել եղբորը ազատության համար պայքարից:

«Ես կարծում եմ, որ դա հորինված մեղադրանք է: Կառավարության քմահաճույքն է ճնշել եւ սպանել առողջ ուժերին, անհատներին, ովքեր խոսում ու մտածում են,  հոգատար են: Արդարացի չի»- ասաց նա:

«Նոյեմբերի 5-ի գործով» առաջին դատական նիստից առաջ դատարանի մոտ 5 ոստիկանի վիրավորած Հայկ Կյուրեղյանի եղբայր Արեգ Կյուրեղյանը նույնպես մասնակցում էր ակցիային, նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ խոսել է եղբոր հետ, նրա վիճակը լավ է:

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ քաղաքական հետապնդումների զոհ է նաեւ դերասան Վարդան Պետրոսյանը, որի «գլխին ուղղակի գործ են սարքում»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ակցիայի ժամանակ ասաց, որ քիչ առաջ է խոսել  Վարդան Պետրոսյանի հետ, հարցրել է, թե ինչպես է իրեն զգում, նա էլ պատասխանել է, որ իր կողքին լավագույն մարդիկ են:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am