«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չի տեսել, նրա մասին չի լսել, ոչ էլ առնչություն ունի նրա հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը` անդրադառնալով այն լուրերին, որ իրեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է հովանավորում:

«Դրանք ընդամենը վարկաբեկող լուրեր են, ցանկացած խելացի մարդ կհասկանա, որ Անի Զախարյանն այնքան պոտենցիալ ունի, որ բավական է` մի լուրջ ֆինանսավորում լինի եւ Հայաստանում լուրջ քաղաքական շարժ կսկսվի: Եթե այդ քաղաքական շարժը դեռ չի սկսվել, ուրեմն հենց ֆինանսի բացակայությունն է:  Սամվել Ալեքսանյանին ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ առնչություն եմ ունեցել, դա ընդամենը հերյուրանք է»,-ասաց Անի Զախարյանը` նշելով, որ ինքը ոչ մի ընդունելու բան չունի Սամվել Ալեքսանյանից, միայն կարող է ծրագրեր առաջարկել նրան:

Անի Զախարյանը նշեց, որ ինքը երբեք նման խնդրով չի դիմի ոչ ոքի, այնուամենայնիվ, չի էլ հրաժարվի ֆինանսական աջակցությունից, եթե իրեն այն տրամադրեն:

«Վերջերս մի սփյուռքի անձնավորության հետ էի խոսում, ասեց` բավականին լուրջ կոնտինգենտ կա, որոնք պատրաստակամ են քաղաքական այս պայքարին մասնակցելու, դուք իրենց փնտրեք: Ասացի` իրենք պետք է ինձ փնտրեն, որովհետեւ ես ոչ մի վայրկյան չեմ բացակայել իմ երկրից, ես  ապացուցել եմ, որ պայքարում եմ իմ հայրենիքի համար: Մենք քաղաքական միտք, կամք ունենք, բացակայում է ֆինանսը, եթե պատրաստ են աջակից լինելու, իրենք պետք է փնտրեն ինձ ու առաջարկեն դա ինձ»,-ասաց Անի Զախարյանը:

Անի Զախարյանը նշեց, որ ինքն առաջիկայում ծրագրում է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպանին, նրա հետ զրուցել Հայաստանում խոսքի ազատության մասին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am