«Ողջի 2» եւ «Ողջի 3» ՓՀԷԿ-երը շահագործող  «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն հերքում է, որ ՓՀԷԿ-երն են Ողջի գետի չորացման պատճառը։

«Ներկա դրությամբ երկու ՓՀԷԿ-երն էլ անջատված են ցանցից եւ չեն աշխատում»,- «ԷկոԼուրի» հետ հեռախոսազրույցում ասաց «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ի տնօրեն Զոհրաբ Աստվածատրյանը:

«Ողջին անկայուն գետ է: Մեծամասամբ կախված է վարարումներից։ Գարնանային վարարումների ժամանակ կայաններն աշխատում են ամբողջ հզորությամբ։ Բայց ամռանը գետը ցամաքում է, եւ կայնաները կանգնում են։  Այն ժամանակահատվածում, երբ բնապահպաններն ուսումնասիրել են Ողջի գետը, կայանները չէին աշխատում»,- նշել է Զոհրաբ Աստվածատրյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպան Հակոբ Սանասարյանն ահազանգել էր, որ Ողջի գետը մահանում է, Կապանի եւ Քաջարանի միջեւ ընկած հատվածում՝ չհասած Ողջիի կոնսերվացված պոչամբար, գետն ամբողջովին ջրազրկված է: «Մի քանի մարդիկ ջուրը վերցնում են եւ էլեկտրաէներգիա են ստանում, եւ տեսեք, թե ինչ վիճակում է այս լեռնային գետը՝ ջուր չկա»,- ասել էր Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ու հավելել, որ ՀԷԿ-երից բացի Ողջի ջուրն օգտագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը:

«Քանի որ նրանք, կարելի է ասել, օրեցօր իրենց հզորությունները մեծացնում են, արդեն Որոտանի ջուրն իրենց այլեւս չի բավարարում, նրանք գետի առջեւ կառուցված ջրամբարն ուզում են օգտագործել որպես ջրային աղբյուր՝ ծրագիրն ընդլայնելու համար: Իրենք ուզում են ավելի մեծ քանակությամբ հանքաքար մշակել, հետեւաբար ավելի շատ ջուր է պետք: Ըստ ինձ հասած տեղեկությունների` յուրաքանչյուր 1 խ/մ ջրի համար վճարում են 0,5 դրամ: Կա տեսակետ, որ դա էլ չի վճարվում», - ընդգծել է Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ Ողջին արդեն մեռյալ գետ է եւ իր մոտ 300 միլիոն խմ տարեկան ջրային հոսքը դուրս է գալիս Հայաստանի ջրային համակարգից եւ միաժամանակ դառնալու է թունավորման աղբյուր: Իսկ գետի կենսաբազմազանության մասին խոսք անգամ չի կարող լինել՝ ձկնաշխարհը նույնպես մեռած է: