Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի նիստին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին կոչ են արել ծառայողական հետաքննություն սկսել խորհրդարանի անվտանգության ծառայության պետ Կարեն Նահապետյանի նկատմամբ, քանի որ վերջինս խոչընդոտել է «A1+»-ի լրագրողուհու աշխատանքին:
«Անվտանգության ծառայության պետը, դուրս գալով խորհրդարանի շենքից, երեկ հարձակվել է լրագրողի վրա: Սա լուրջ իրավախախտում է, կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Պարոն Սահակյան, տեղին կլինի, եթե դուք այդ առիթով հանձնարարեք ծառայողական հետաքննություն սկսել», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ պահանջով հանդես եկավ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ նշելով անվտանգության աշխատակիցների համար հանդուրժողականության դասեր կազմակերպելու անհրաժեշտության մասին. «Անվտանգության աշխատակցի վարքագիծը ագրեսիայի դրսեւորում է»:
Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ չարձագանքեց կոչերին:
Հիշեցնենք, որ Կարեն Նահապետյանը, երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովի շենքի մոտ «Բարեւ, Ռոբ» ակցիայի ժամանակ խոչընդոտել է լրագրողուհու աշխատանքը:











