Երեւանի Արամի փողոցի 72-80 հասցեում բնակարանների բազմակի վաճառքից տուժած բնակիչները, որոնք մի քանի տարի է՝ բողոքում էին եւ իրենց բնակարանների համար փոխհատուցում պահանջում, բնակարաններ են ստացել Ծիծեռնակաբերդի 1/2 եւ Արամի փողոցում կառուցված բազմաբնակարան շենքերում: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շահագործման հանձնվեց Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեի բազմաբնակարան շենքը (ֆոտոռեպորտաժ):

Նորակառույց շենքում բնակարան ստացած բնակիչները NEWS.am-ին ասացին, որ թեեւ բնակարանը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, բայց գոհ են շենքի որակից, իրենց  սպասելիքները գերազանցվել են:

«Ամեն քառակուսու համար 200 դոլար լրավճար է եղել՝ շինարարության գումար, բայցի այդ ամեն տարվա համար մեր գումարներին, որ վճարել էինք մինչեւ այդ բնակարանների համար, 8 տոկոս ավելացրին: Կուզեինք, իհարկե, շատ ավելի մեծ տարածք ստանայինք, շատ ավելի էժան, բայց այսպես էլ ճարահատյալ պետք է համաձայնվենք: Այնուամենայնիվ, վատ չէ, որակը բոլոր հարցերը փոխհատուցեց»,-NEWS.am-ին ասաց շենքում բնակարան ստացած Սոնիկ Մաղաքյանը:

Բնակչուհու խոսքով՝ իրենք՝ բողոքի ցույցեր կազմակերպած բնակիչները, չէին հավատում, որ իրենց պայքարն արդյունք կտա, շենքը կկառուցվի, եւ իրենք մի օր բնակարաններ կստանան: 

«Սա ինչ-որ տեղ կառավարության երեսը պարզ արեց: Այ եթե մեկ-մեկ մեր իշխանությունները քնից զարթնեն եւ մեր մյուս բախտակիցներին էլ բավարարեն, գուցե սկսենք իշխանությանը հավատալ»,-ասաց նա:

Բազմաբնակարանի բացման արարողությանը ներկա էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նա շրջեց շենքում, զրուցեց բնակիչների հետ:

«476 ընտանիքի խնդիր լուծում է ստացել: Արամի փողոցում նախկին կառուցապատողին պատկանող տարածքները նրանից հետ են վերցվել, հանձնվել են նոր կառուցապատողի:  Արամի շենքերից մեկը պատրաստ է, դրանում բնակարաններն ամբողջությամբ արդեն հանձնված են: Այն մարդիկ, որոնք գումարներ էին վճարել, բնակարաններ էին գնել Արամի փողոցի այդ շենքում եւ համաձայնեցին բնակարաններ ստանալ հենց այդ շենքից, ստացել են, իսկ մյուսներին փոխհատուցում տրամադրվեց: Ամբողջությամբ լուծումն արդեն տրվել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը:

Արամի փողոցում կառուցված շենքում բնակիչներին ավելի քան 100 բնակարան է տրամադրվել, Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում՝ 292: Բնակարանները տարամադրվել են այն քաղաքացիներին, որոնք գումար են վճարել նախկին կառուցապատողին՝ բնակարանը գնելու համար, եւ նրանց, ովքեր բնակարաններ են ունեցել այդ հասցեում, սակայն գերակա շահ են ճանաչվել, քանդվել են եւ իրացվել:

Քաղաքապետի խոսքով՝ 467 ընտանիքների խնդիրը լուծելով Երեւանի խնդիրները չեն վերջանում. դեռ նմանատիպ խնդիր ունեն նաեւ Կոնդի, Ֆիրդուսի եւ Բուզանդի բնակիչները, որոնք լուծելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկումներ է տանում:

Բացմանը ներկա՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շուտով շենքի հարավային մասով ճանապարհ է կառուցվելու, որը կմիանա նորաբաց Լենինգրադյան-Իսակով արագընթաց ավտոմայրուղուն:

Հիշեցնենք, որ Արամի փողոցի 72-80 հասցեներում բազմահարկ շենքեր էր կառուցում «Գապբնակշին» ՍՊԸ-ն, որը միևնույն բնակարանները վաճառել էր միաժամանակ մի քանի գնորդների: Հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ կառավարությունը 2013թ. ապրիլի 4-ին որոշում ընդունեց Արամի 72-80 հասցեում կառուցապատողների գործունեությունից տուժած բնակիչներին բնակարաններ տրամադրել  Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում և Արամի փողոցում կառուցապատված շենքերում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am