Գյումրիի քաղաքապետարանը 12 մնլ դրամով գերմանական արտադրության փոշեկուլ մեքենա է ձեռք բերել, որն առայժմ անգործության է մատնված, քանի որ այն օգտագործելու ձեւը դեռ չգիտեն։ Գերմանական արտադրության փոշեկուլն առայժմ վարորդ չունի, մասնագետն էլ չկա, որը կբացատրեր, թե ինչ կարող է անել նոր մեքենան:

«Ով որ լինի վարորդը, պետք է սովորեցնենք, իհարկե, սովորեցնող էլ չունենք, դեռ կկապվենք Գերմանիայի մասնագետների հետ, որպեսզի սովորեցնենք, նոր հանենք աշխատանքի, լուրջ մասնագետ է հարկավոր։ Ճիշտ է՝ բարդ չէ , բայց պարզ էլ չէ»,- NEWS.amի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Այսպիսով՝ 88-ի աղետից հետո փոշուն ընտելացած գյումրեցիներին փոշուց ազատելու հեռանկարը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Աշխատելու դեպքում էլ մեքենան մաքրելու է միայն ասֆալտապատ փողոցները, որոնք, ի դեպ, Գյումրիում բավական քիչ են: Նոր գնված փոշեկուլն արդեն հումորի թեմա է դարձել գյումրեցիների համար։