Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայրի մոտ Մաքսային Միության դեմ բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը չի խախտել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ ՀՀ Վարչական դատարանում ոստիկանության պահանջին չենթարկվելու համար Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով այսօրվա դատական նիստին դատարանի եւ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս սա ակամայից հաստատեց նաեւ ոստիկանության ներկայացուցիչը։

«Ոստիկանության ներկայացուցիչը դատարանում միանշանակ հիմնավորեց, որ իրենց հայցը պետք է մերժվի, որովհետեւ իրականում պատասխանելով մեր եւ դատարանի հարցերին, հիմնավորեց, որ տեղի է ունեցել միջամտություն խաղաղ հավաքին, որ իրենք արգելել են նախագահի նստավայրի դիմաց խաղաղ հավաք անցկացնել, ընդունեց, որ Արգիշտի Կիվիրյանը խախտում թույլ չի տվել, որ խաղաղ երթի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցները պարտադրել են անցնել նախագահականի մայթից դուրս գալ եւ անցնել երթեւեկելի մաս, եւ այդ ընթացքում երթեւեկությունը խաթարելու եւ ոստիկանության օրինական պահանջին չենթարկելու համար Արգիշտի Կիվիրյանին որոշել են ենթարկել վարչական պատասխանատվության»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը չի ապացուցել, որ խաղաղ հավաքին ոստիկանության միջամտությունը եղել է իրավաչափ, համաչափ եւ անհրաժեշտ ժողովրդական պետությունում:

«Ոստիկանության ներկայացուցիչն ընդունեց, որ սրանցից ոչ մեկն առկա չի եղել, իսկ միջամտություն կարող է լինել միայն այս երեք պայմանների առկայության դեպքում, այսպիսով ոստիկանությունը խախտել է խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունը, սահմանափակել անձի ազատությունը: Եթե դատարանն անկախ է գործում, միանշանակ պետք է բավարարի մեր հակընդդեմ հայցը՝ ճանաչի Արգիշտի Կիվիրյանի խախտված իրավունքները եւ մերժի ոստիկանության հայցը»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս դատական նիստերը վկայում են նրա մասին, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքացիները խաղաղ հավաքներին մասնակցելու իրենց իրավունքից չօգտվեն, քանի որ տարբեր դատական քաշքշուկների մեջ են ընկնում: Սրանով իշխանությունները ոչնչի չեն կարող հասնել, միեւնույն է, Արգիշտի Կիվիրյանը շարունակելու է իր իրավունքները պաշտպանել»:

Այսօրվա դատական նիստին ելույթ ունեցան դատական կողմերը, քննվեցին գրավոր եւ իրեղեն ապացույցները: Ոստիկանության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց, որպեսզի պատրաստվի ճառին, սակայն դատավորը մերժեց՝ հիմնավորելով, որ ոստիկանության ներկայացուցիչը նոր փաստարկներ չունի այլեւս ներկայացնելու: Պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով, դրանից հետո նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական  նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, դատարանը կհրապարակի վճիռը:

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը անդամակցելուն դեմ բողոքող ակցիայի ժամանակ, մի քանի ակտիվիստներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, անցել են փողոցը եւ փորձել այնտեղ շարունակել իրենց բողոքի ակցիան: Ոստիկանները նրանց հրել են փողոց եւ կենդանի պատ կազմելով, անցկացրել նախագահականի դիմացի մայթ: Այդ ընթացքում մի քանի ակտիվիստներ բերման են ենթարկվել, իսկ Արգիշտի Կիվիրյանը ավելի ուշ Արաբկիր ոստիկանության մոտ է բերման ենթարկվել: