Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի ՀԷԿ տարածքում խեղդված 81-ամյա գյումրեցի Վառլամ Գալստյանի դին Երեւանից ժամանած ջրասուզակները դուրս բերեցին ժամը 20:00-սահմաններում: Դեպքի վայրում հավաքված հարազատները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ Վառլամ Գալստյանն արդեն մի քանի տարի է այցելում էր նշված տարածք ու լողում:
Հարազատների պատմելով Վառլամ պապը լավ լողորդ է եղել: Ըստ նախնական տվյալների՝ նա ջուրը ցատկելիս գլուխը հարվածել է քարին, ինչը հաստատվեց, երբ ջրասուզակը դին դուրս բերեց ջրից. նրա գլխի հատվածում առկա էր վնասվածք:
Այդ տարածքում գտնվող եկեղեցու մոմավաճառը, ով եւս ճանաչում էր մահացածին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պապիկին միշտ տեսել է լողալիս, եւ նա տեղանքին անծանոթ չի եղել:
«Ես ամեն օր իրան տեսել եմ, գալիս իրա հացն ու ջուրը բերում, լողում ,ուտում գնում էր, անցած տարիներին ամեն օր էր գալիս լողալու բայց այս տարի քիչ էր գալիս, խմող էլ չէր շատ շնորհքով մարդ էր, ես ուղակի զարմացա երբ տեսա , որ մահացածն ինձ ծանոթ պապիկն է»,-ասաց մոմավաճառը:
Վառլամ Գալստյանն ապրում էր կնոջ հետ: Հարազատների խոսքով՝ Վառլամ Գալստյանը կնոջը տեղեկացրել է , որ գնում է լողալու եւ դուրս է եկել ու նստել տաքսի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր , որ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի ՀԷԿ-ի տարածքում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, նախնական տվյալով, խեղդվել է Գյումրիի 81-ամյա բնակիչ Վառլամ Գալստյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ տարվում են որոնողական աշխատանքներ, սպասում են ջրասուզակների, որպեսզի դին գտնեն:
Նշենք, որ տարածքում, որտեղ ենթադրաբար խեղդվել է Վառլամ Գալստյանը, լողալն արգելված է, արգելող ցուցանակներն էլ փակցված են:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ախուրյանի ոստիկանության օպերատիվ քննչական խումբն ու փրկարարական վարչության աշխատակիցները:


















