Բարսելոնա-Եկատերինբուրգ  UN-932 չվերթի ուղեւորները սեպտեմբերի 5-ին շարժիչի բռնկման ականատես են դարձել:

«Օդ բարձրանալու պահին, բոլորը թնդանոթի կրակոցի նման բարձր  որոտ են լսել: Ձախ կողմում նստած ուղեւորները տեսել են կրակի բոցեր», - E1.ru   ֆորումում գրում է այդ չվերթով թռչողներից Byte_Ekt-ը:

«Ընդ որում՝ օդանավում ոչ մի խուճապ չկար, լռություն էր: Օդաչուներն անջատեցին ձախ շարժիչը, թռան միայն աջով», — նշում է ականատեսը:

Այնուհետեւ օդաչուն հայտարարել է, որ որոշվել է վերադառնալ ելակետային օդանավակայան: Անձնակազմն օդանավը վայրէջքի է բերել մեկ շարժիչով:

Օդանավում եղել է 171 մարդ: «Տրանսաերո» ավիափոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ բռնկումը շարժիչի գազադինամիկ կայունության խախտման հետեւանքով է եղել: Այն ուղեկցվում է պայթյուններով եւ հզոր վիբրացիայով:  Պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը: Ավիաընկերությունում նաեւ հայտարարել են, որ անսարք շարժիչը կուղարկվի հետազոտության արտադրողի՝ General Electric-ի մոտ, փոխանցում է «Ռոսբալտը»: