Դերասան Վարդան Պետրոսյան մասնակցության ողբերգական ավտովթարի գործով դատական հերթական նիստին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, միջադեպ տեղի ունեցավ Աբովյան քաղաքի առաջին ատյանի դատարանում։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միջադեպը տեղի ունեցավ, երբ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հարցեր էր ուղղում ավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանին, որը վթարից հետո ավտոտեխնիկական փորձաքննության է ենթարկել տուժող Հակոբյաններին պատկանող «ՆԻՎԱ» եւ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները. Նիկոլայ Բաղդասարյանը հարցաքննությամբ փորձում էր ապացուցել, որ «ՆԻՎԱ» մակնիշի մեքենան վթարի պահին անսարք է եղել։
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նկատեց, որ Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը շոու են, նախատեսված հատուկ լրագրողների համար, ինչին փաստաբանը քմծիծաղով պատասխանեց, ինչն էլ հունից հանեց տուժող Արթուր Հակոբյանին։
«Կտրեք դրա ժպիտը, զգո՞ւմ եք՝ ինչ ձեւ ա խոսում, ի՞նչ ա ուզում սրանով ասի։ Վարդան, դու ասա, Վարդան, էլ չեմ հայհոյի, ասա, թող էդ ժպիտը վերացնի։ Նիկոլայ ջան, էլ չեմ հայհոյելու, ներվերս կեր։ Էդ ժպիտը իմ էրեխեքի արյան վրա ա՞....»,- տեղից գոռում էր տուժողը, որի անչափահաս որդին, հիշեցնենք, մահացել է ավտովթարի հետեւանքով։
Դատավորը հայտարարեց, որ սանկցիա է կիրառում եւ հեռացնում նրան նիստերի դահլիճից, սակայն Արթուր Հակոբյանը խնդրեց թույլ տալ իրեն մնալ, քանի որ հարցեր ունի տալու։ Դատավոր Վաղինակ Մկրտչյանը համաձայնեց, Վարդան Պետրոսյանն ու նրա փաստաբանն էլ ասացին, որ չեն առարկում։
Ավելի ուշ, երբ արդեն դատախազն ու տուժող կողմի ներկայացուցիչն էին քմծիծաղով արձագանքում Նիկոլայ Բաղդասարյանի՝ փորձագետին ուղղված հարցերին, տեղի տվեցին դերասան Վարդան Պետրոսյանի նյարդերը։
«Ինչի եք հիացական ժպտում»,- տեղից բղավեց նա, ինչին տուժող Արթուր Հակոբյանն արձագանքեց. «Էսքան ժամանակ դուք եք ժպտում, մի անգամ էլ թող մենք ժպտանք»։
Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի հարցերի մեծ մասը դատավորը հանում է՝ պատճառաբանելով, որ փորձագետին դրանք չեն առնչվում։
Դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։











