Սահմանադրական դատարանի եւ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ստում է՝ ասելով, թե ինքն է գլխավորել 1998թ. սահմանադրական բարեփոխումների գործը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Գագիկ Հարությունյանին սրանից երեք ամիս առաջ կարող էի ասել իմ լավ բարեկամ, քանի որ շատ ենք շփվել, շատ գործեր ենք արել: Ինքն իսկապես գնահատում է իմ ավանդը, բայց այս մթնոլորտում ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելով հանկարծ նա հայտարարում է՝ 98թ., երբ ես գլխավորում էի սահմանադրական բարեփոխումների գործը, ու սա ասում է այն մարդկանց կենդանության օրոք, ովքեր տեսել են, որ ԱԻՄ-ը ձեւավորեց Սահմանադրական բարեփոխումներ, ընտրություններում ստացավ մոտ 100 հազար ձայն, այդ ձայները դարձրեց կռվան ու ասեց՝ Դեմիրճյան ու Քոչարյան, ձեզնից ո՞վ կաջակցի սահմանադրական բարեփոխումներին, ով աջակցեց, նրան կօգնենք դառնալ նախագահ, մեզ այլ բան չի հետաքրքրում այս պահին: Այդ կերպ մենք երկրի նախագահ դարձրինք նրան, ով մեզ օգնեց դառնալ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ դրանից ընդամենը 15 տարի է անցել եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստում է՝ ասելով,  թե ինքն էր այն ժամանակ գլխավորում սահմանադրական բարեփոխումների գործը:

Հայրիկյանի խոսքով՝ այժմ էլ Գագիկ Հարությունյանն իրավունք չունի գլխավորելու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը:

«Այսօր դու հանցագործություն ես անում, որ գլխավորում ես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Դու Սահմանդարական դատարանի նախագահն ես, դու պետք է ենթարկվես այդ օրենքին, դառնում ես այդ օրենքը պատրաստողներից մե՞կը: Չէ՞ որ դու այդ կերպ կարող ես քո անհատական նկատառումները տեղադրել այն օրենքում, որով դու պետք է իրականացնես քո իրավասությունները»,- հայտարարեց Հայրիկյանը: