«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են «հետին նկատառումով»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Եթե սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ էին, ինչո՞ւ նախագահական ընտրություններին քո նախագահական քարոզարշավի ժամանակ դու միանգամից չխոսեցիր դրա մասին, Սերժ Սարգսյան: Չէ՞ որ բոլոր թեկնածուներից միայն ես էի խոսում դրա մասին եւ առաջարկում տարբերակ»,-ասաց Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ իշխանություններն այժմ նախատեսում են փոփոխել իրենց իսկ ընդունած սահմանադրությունը:
«1995թ. Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել էր խայտառակ, խուժան սահմանադրություն, որը գրված էր միայն իր համար, ՀՀՇ-ի սահմանադրության դեմ ԱԻՄ-ը ընդվզեց, նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ: Հիմա սրանք ընդվզում են 2005թ. սահմանադրության դեմ, որն իրենք են ընդունել: Իրենք դիմել են Եվրոպային, ստացել օքեյը: Եթե այն ժամանակ սխալ էիք եղել, հիմա զգում եք ձեր սխալը, ապա ընդունեք, ասեք՝ մենք ապուշ ենք եղել, այն ժամանակ չենք լսել ԱԻՄ-ականներին, սխալ սահմանադրություն ընդունեցինք, հիմա ուզում ենք փոխել»,- հայտարարեց Հայրիկյանը՝ նշելով, որ երաշխիք չկա, որ նույն սահմանադրությունն ընդունողները հիմա էլ սխալ թույլ չեն տա:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ իշխանությունները ժողովրդին մոլորեցնելու համար են ասում՝ այլընտրանք չկա. այլընտրանքը Հայրիկյանի առաջարկած բացարձակ ժողովրդավարության մոդելն է։
«Իրենց ասածն այն է, որ ժողովուրդ, պետք չէ նեղություն քաշես, քո գլխավոր հրամանատարին ընտրես, մենք քո փոխարեն կընտրենք, դու միայն Ազգային ժողով ձեւավորի, հետո մենք տղերքով, այ էդ գյադեքով կհավաքվենք, կորոշենք, թե ոնց լինի ձեր գլխավոր հրամանատարը, բանակը կարգին պահելու փոխարեն դարձնի քրեական հանցագործների որջ, իսկ բանակին հատկացված միջոցներով էլ ուռճանա»,- ասաց Պարույր Հայրիկյանը:











