38-ամյա սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը արդեն 7 ամիս է, ինչ Հայաստանում հիմնել է Beauty products ձեռնարկությունը, որը զբաղվում է օճառների արտադրությամբ։ Հպարտությամբ նշում է, որ Հայաստանում միայն ինքն է զբաղվում  բացառապես բնական հիմքով օճառի արտադրությամբ:

«Հայաստան եկել եմ 2013թ. փետրվարին, այնուհետեւ որոշեցի այս գործը հիմնել, չնայած որ Սիրայում ես ուրիշ բիզնեսներ ունեի, այնտեղ սա ուղղակի հոբբի էր ինձ համար: Այնտեղ 125 տեսակի օճառ եմ պատրաստել, բայց չեմ վաճառել, միայն ընկերներիս ու բարեկամներիս եմ նվիրել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սիրիահայ գործարարը:

Շանթ Խայալյանը պատմեց, որ մինչեւ Հայաստան գալը, որոշել է Հորդանանում օճառի արտադրությամբ զբաղվել, գործընկերոջ հետ սկսել են բիզնեսը, բավական հաջողությունների են հասել, սակայն հետո որոշել է գալ Հայաստան եւ հայրենիքում զբաղվել սիրելի աշխատանքով:

Իր փոքրիկ արտադրամասում սիրիահայ գործարարը միակ աշխատողն է, սակայն ասում է, որ հաճույքով է անում ամեն ինչ:

«Ամեն ինչ ես մենակ եմ անում՝ սկսած ծաղիկներ հավաքելուց մինչեւ օճառ պատրաստելը, լցնելը շշերի մեջ եւ փաթեթավորելը»,-ասաց Շանթը՝ նշելով, որ իրեն երբեմն 9-ամյա դուստրն է օգնում փաթեթավորման հարցում:

Անգլիայում մարկետոլոգի կրթություն ստացած եւ 14 տարվա փորձ ունեցող սիրիահայ գործարարը պատմում է, որ մինչեւ արտադրությունը սկսելը ուսումնասիրել է շուկան եւ պարզել, որ նման արտադրանքի անհրաժեշտություն կա Հայաստանում: Այնուհետեւ դիմել է «Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման կենտրոն», անցել դասընթացներ, որից հետո նրա բիզնես պլանը հավանության է արժանացել եւ ֆինանսավորում է ստացել բիզնես հիմնելու համար:

Բացի օճառից սիրիահայ գործարարը արտադրում է նաեւ բույսերից պատրաստված յուղեր եւ բնական հիմքերով շամպուններ, նախատեսում է արտադրել նաեւ մանկական հագուստ լվանալու համար հեղուկներ: Արտադրանքը միայն տեղի շուկայում է իրացվում, սակայն արդեն կան առայժմ փոքր պատվերներ մի քանի այլ երկրներից:

Շանթ Խայալյանին տեղի հայերը պատմել են, որ չի կարող գործ սկսել, քանի որ շուկայում մոնոպոլիաներ են գործում. «Այս խոսակցությունները հաշվի չառա, սկսեցի գործը, ուղղակի մի քիչ թղթաբանությունն էր դժվար, սակայն դա էլ անցավ: Բոլորն ասում էին՝ մի մնա այստեղ, բոլորը Ռուսաստան են գնում, այստեղ մաֆիա է, հարկայինը կխեղդի, բայց չլսեցի ու ստացվեց»:

Սիրիահայ գործարարը պատրաստվում է մնալ Հայաստանում, ավելացնել արտադրությունը, նաեւ նախատեսում է նոր արտադրատեսակներ թողարկել: Շանթ Խայալյանը նաեւ մարկետինգ է դասավանդում Եվրասիական համալսարանում։