Կապանցի Արմեն Համբարձումյանը Արցախյան հերոսամարտի մասնակից է, 1992թ. Ճակատենի մարտերում վիրավորվել է և մինչեւ այսօր չի կարողանում վերականգնել առողջությունը: Նա իր օրերն անցկացնում է նույն սենյակում, արտաքին աշխարհի հետ կապն ապահովում է փոքրիկ պատշգամբը, որին դժվարությամբ է մոտենում: Քայլելու համար առաջին խմբի հաշմանդամություն ստացած ազատամարտիկից մեծ ջանքեր են պահանջվում:
«92թ. գլխից եմ վիրավորվել, 5 անգամ գլխի վիրահատություն եմ տարել, իսկ 2012թ. Մուրացանի հոսպիտալի տարածքում ընկել եմ, կոնքիս հատվածում խնձորակս ջարդվել ա, մինչև հիմա սենց տանջվում եմ, ոչ մի արդյունք, չեն օգնում, մինչև հանրապետության նախագահին էլ դիմել եմ»,- պատմում է ազատամարտիկը:
Արմեն Համբարձումյանի խոսքով՝ ինքը տարբեր մարմինների է դիմել, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությանը, սակայն բոլորը մերժել են օգնել։
Կապանի «Ազատամարտ» կոմիտեից Արմեն Համբարձումյանը պարբերաբար 20-30 հազարական դրամ է ստացել, մի քանի անգամ էլ Սյունիքի նախկին մարզպետներն են օգնել, ամենքը` 100 հազարական դրամով, սակայն դա չի բավարարել վիրահատության համար. կրկին քայլելու համար 2 մլն դրամ է պետք: Արմենին օգնելու համար հաշվեհամար է բացվել, որին, սակայն, ազատամարտիկի խոսքով, 100 դրամ անգամ երբևէ չի փոխանցվել:
Երկկողմանի ծնողազուրկ, 22 տարեկանում հաշմանդամություն ստացած Արմենն այդպես էլ չի ամուսնացել: Ապրում է եղբոր ընտանիքի հետ: Ազատամարտիկը չի դադարում դռներ թակել և խնդրում է բարերարների օժանդակությունը։
Արմեն Համբարձումյանին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝
Ardshininvestbank
2470804828690000 կամ զանգահարել 094 62 82 97 հեռախոսահամարով:











