Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունն առաջին ատյանի դատարանում ընթացել է պաշտպանական կողմի քրեադատավարական իրավունքի խախտումներով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը բողոքարկող հայցով դատական առաջին նիստին ասաց փաստաբան Արա Զաքարյանը։
«Մեզ հնարավորություն չի տրվել մեր իրավունքները պատշաճ իրականացնել եւ կազմակերպել պաշտպանությունը, մեր միջնորդություններն ամեն անգամ մերժվում էին։ Մասնավորապես, մերժվեց մեր միջնորդությունը, որպեսզի հարցում ուղարկվի ԱԱԾ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վարչություն, եւ պարզվի, թե ինչու են նրանք հետեւել իմ պաշտպանյալին, սակայն այդպես էլ չհիմնավորվեց դատարանի կողմից, թե ինչու մերժվեց այդ միջնորդությունը»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ իրենց չեն տրամադրել վկաների ցուցմունքները, որպեսզի իրենք կարողանան նախաքննության ընթացքում առերեսում կազմակերպել եւ հարցեր տալ վկաներին, նաեւ մերժվել է իրենց միջնորդությունը՝ դատարան կանչել եւ հարցաքննել քննիչ Խաչիկյանին, քանի որ նախաքննությունը մի շարք խախտումներով է ընթացել։
«Խախտումներ էր արձանագրել վկաներին հարցաքնելու ընթացքում՝ Հներիկ Զաքարյանին եւ նրա թոռանը 5 ժամ պահել են ռազմական ոստիկանությունում, սպառնացել, որ նրանց դեմ քրեական գործ կհարուցվի, սակայն դատարանը ոչ մի կերպ չարձագանքեց դրան»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանը պնդեց, որ իր պաշտպանյալի հանդեպ հետապնդում է իրականացվում, քանի որ վերջինս չի կատարել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածությունը եւ շարունակել է իր պայքարը ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելու համար։
«Իշխանությունը համոզվել էր, որ չի կարող Վոլոդյա Ավետիսյանին հետ պահել իր պայքարից, առաջարկել են պաշտոն, ֆինանսական աջակցություն, միաժամանակ զգուշացրել, որ դա չանելու դեպքում վատ վիճակում կհայտնվի»,-ասաց Արա Զաքարյանը։
Փաստաբանն ավելացրեց, որ իր պաշտպանյալին պատիժ նշանակելիս դատարանը ոչ մի մեղմացուցիչ հանգամանք հաշվի չի առել եւ խստագույն պատիժ է նշանակել։
Դատական նիստը շարունակվում է։ Մեղադրող Վարդան Պապիկյանը պատասխանում է փաստաբանի դիտարկումներին, ինչը մերթ ընդ մերթ ընդհատվում է ազատամարտիկների արձագանքներով, որոնք տեղից մեկնաբանում են մեղադրողի ելույթը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:











