Ճանապարհային երթեւեկության կանոները խախտելու համար մինչեւ այժմ եղած   տուգանքները համաներելու պահանջով եւ կամիր գծանշանների դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից նախաձեռնության»  մեկ տասնյակից ավելի անդամներ իրենց ավտոմեքենաներով այսօր՝ սեպտեմբերի 17-ին, 23 րոպե առանց վճարելու ցուցադրաբար կանգնեցին կարմիր գծերի տարածքում:

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին չվճարել կարմիր գծերի տարածքում կանգնելու  համար, որվհետեւ եթե քաղաքացիները վճարում են իրենց բարի կամքով, լավություն են անում քաղաքապետարանի չինովնիկներին»,-ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանատեղիների մասին ընդունված որոշումը հակասում է ՀՀ կառավարության կողմից 2009թ. ընդունված որոշմանը, ըստ որի ավտոկայանատեղիները չեն կարող գտնվել ճանապարհի երթեւեկելի մասում:

«Մեզ համար կառավարության որոշումն ավելի ուժեղ է, քան քաղաքապետարանի ինչ-որ չինովնիկի: Բացի այդ սահմանված չէ, թե երբ է վճարվում ավտոկայանատեղիում կանգնելու տուգանքը։ Եթե 15 րոպե կանգնում ենք, ու չենք վճարում, հաջորդ օրը կարող է 5000 դրամ տուգանք գալ, չնայած որ ոչ մի ժամկետ նշված չէ: Ավտոկայանատեղին պետք է ունենա ապահով մուտք եւ ելք, սակայն դա ապահովված չէ: Մեքենան կարող է դուրս գալ կարմիր գծերից ու  ձախից մեկ ուրիշ ավտոմեքենա կարող է գալ, հարվածել նրան»,-ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ գոյություն ունի քաղաքացուց գումար գանձելու երկու ձեւ՝ տուրք եւ հարկ, սակայն կարմիր գծերի համար  վճարվող գումարը ոչ հարկ է, ոչ տուրք:

«Սա, բնականաբար, հարկ չէ, տուրք էլ չի կարող լինել, քանի որ տուրքը վճարվում է որոշակի ծառայության համար: Սա եւս մեկ պատճառ է, թե ինչու չվճարենք կայանատեղիների կարմիր գծանշումների համար»,-ավելացրեց Վարդան Հակոբյանը:

Նա նաեւ նշեց, որ վճարովի ավտոկայանատեղիների համար վճարած գումարների միայն 30 տոկոսն է անցնում քաղաքապետարանին. «Եթե վաղը հայտարարվի, որ ամբողջը գնալու է քաղաքապետարանին, տարեկան սպասարկման վճարը ես ինքս պարտավորվում եմ վճարել»:

Նշենք, որ այսօր ակցիայի մասնակիցները Մերգելյան ինստիտուտի տարածքից ավտոերթով եւ ազդանշաններ տալով շարժվեցին դեպի Դավիթաշեն: Ակցիան հսկող ոչ մի ոստիկան չկար:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ տուգանվելու դեպքում կարգի համաձայն նախ կդիմեն քաղաքապետարան, իսկ եթե իրենց բողոքը չբավարարվի, կդիմեն դատարան:

Ի դեպ, կարմիր գծերի տարածքում որեւէ վերահսկող տեսախցիկ, որով կապացուցվեր, թե քանի րոպե են ավտոմեքենաները կանգնել կարմիր գծերի տարածքում, չկար նաեւ ցուցատախտակ, տարածքում «Փարկինգ սիթի» ընկերության ավտոմեքենաներ չէին շրջում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am