Տավուշի մարզի վեց համայնքների մի քանի հարյուր բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, առավոտից փակել են Երեւան-Իջեւան միջպետական ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ գյուղացիներին մտնել անտառ եւ վառելափայտ հանել այնտեղից։

Հավաքված գյուղացիները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին «Դիլիջան» ազագային պարկի տնօրինությունը գյուղացիներին թույլ էր տալիս փայտ դուրս բերել անտառից, որը նրանք օգտագործում են ձմռանը տները տաքացնելու եւ կենցաղային նպատակներով։ Այս տարի սակայն ամբողջ տարվա ընթացքում գյուղացիներին թույլ չեն տվել անտառ մտնել։

«Փայտը վերմիշելից թանկ ա։ Վերմիշել ունենք, բայց փայտ չունենք, որ ճաշ եփենք»,-դժգոհեց գյուղացիներից մեկը՝ նշելով, որ գազի թանկացումից հետո իրենց համար վառելափայտը դարձել է ջեռուցման միակ աղբյուրը։

Գյուղացիների խոսքով՝ անտառը փակ է միայն իրենց համար, մինչդեռ իրենք ականատես են եղել, ինչպես են բեռնատարներով անտառից փայտ հանում, որը նրանց համոզմամբ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Սահակ Մուրադյանի թույլտվությամբ է կատարվում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճանապարհը փակած գյուղացիների հետ զրուցել են Տավուշի մարզի դատախազը, ոստիկանապետը, որոնց հաջողվել է  համոզել նրանց բացել ճանապարհը՝ պայմանով, որ մարզպետը կխոսի Բնապահպանության նախարարի հետ, և անտառից ծառահատում անելու թույլտվություն կտրվի գյուղացիներին։

Գյուղացիներն այս պահին մարզպետարանում են, ստեղծված իրավիճակը քննարկում են մարզպետի հետ։ Նրանք արդեն հայտարարել են, որ եթե 3 օրվա ընթացքում իրենց հարցը դրական լուծում չստանա, իրենք կփակեն ճանապարհն ու այլեւս չեն բացի։