Լոռու մարզի Գուգարք գյուղում սեպտեմբերի 18-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները տներից մեկի ննջասենյակում գտել են Հայկուշ Աշուղյանի դին եւ վիրավորված 23-ամյա Րաֆֆի Աշուղյանին:

NEWS.am-ին Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը հայտնեց, որ Րաֆֆին «Վանաձոր» բժշկական կենտրոնում վիրահատել են, վիճակը կայուն է:

«Ոստիկաններին հաջողվել է գտնել նաեւ սպանողին. Րաֆֆիի մտերիմ ընկերն է՝ Արթուր Ղավալյանը, որը մեր գյուղացին չէ, էստեղ ապրում էր մորաքրոջ տանը: Արթուրն էլ է վիրավոր, նրան էլ են տեղափոխել հիվանդանոց: Թե ինչ է տեղի ունեցել, չգիտենք, ոչինչ չեն ասում»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ Հայկուշ Աշուղյանն ամուսնացած չէր, բնակվում էր եղբոր տղայի՝ Րաֆֆիի հետ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի հատկանիշներով: Դեպքի հանգամանքները պարզվում են: