Կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության մի քանի վարորդներ որպես բողոքի նշան այսօր՝ սեպտեմբերի 24-ին, սեւ ներկեցին Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապատերանի մոտակայքում, Parking City Service ընկերության կողմից արված կարմիր գծանշանների մի մասը (ֆոտոռեպորտաժ):
«Սպիտակ գիծը, հոծ գիծը, ստոպ զոնան՝ ոչինչ չկան: Խաչմերուկ ա, դպրոց ա, անչափահաս երեխաները վազում են ու ոչ մի զեբրա չկա, անցում չկա մարդկանց համար, իսկ իրենք կարմիր գիծ են գծել, չենք ընդունում, թքած ունենք իրենց կարմիր գծերի վրա, չենք վճարելու: Ինչքան ասում ենք՝ տեղ չի հասնում, մենք իրանց փող չենք տա, հայաթը լիքը խոտ կա, թող գան ուտեն: Եթե լավ տղա են, 6 միլիոն անգամ ասեցինք, խնդրեցինք օրենքով, մարդկայինով կանչեցինք երկխոսությունների, մենք թույլ չենք տալու՝ մեր փողերն ուտեն: Հանրային սեփականություն ա հանդիսանում մայթը, ինչի՞ են բերում, գծում, ո՞ւմ բիզնեսնա, թող գնան ստեղից, մենք չենք գնալու»,- նշեց «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը:
Նախաձեռնության անդամներն իրենց մեքենաները կանգնեցրեցին ոչ թե կարմիր գծանշումների վրա՝ սահմանված վայրում, այլ փողոցի երթեւեկելի մասի երկրորդ շարքում:
«Մեքենաները կանգնած են երկրորդ շարքում, որովհետեւ մարդիկ չունեն հարյուր դրամ, որ կայանատեղիի համար վճարեն, թող կանգնեն երկրորդ շարքում, ու դրա մասին թող մտածի պետավտոտեսչությունը: Իրանք մեր սահմանադրորեն ազատ տեղաշարժն են խոչընդոտում, մենք էլ փող չունենք, որտե՞ղ կանգնենք, ի՞նչ տարբերություն՝ երկրորդ շարքում կանգնելու համար տուգանվե՞մ, թե՞ կարմիր գծերի»,- ասաց Արտաշես Միսակյանը:
Մոտ մեկ ժամ բողոքող վարորդների մեքենաները կայանել էին փողոցի երկրորդ շարքում եւ խոչընդտոտում էին երթեւեկությունը:
Վարորդներին բարկացրել էր այն, որ փողոցն ասֆալտապատելուց հետո հետիոտնի անցումը չէին գծանշել:
«Հայոց Կառավարությունը, Ազգային ժողովը էնքան ողորմելի վիճակում են գտնվում, բոմժի կարգավիճակում, որ ոստիկանը զեբրայի դեր ա կատարում, զեբրա չկա ասֆալտին. որտե՞ղ կանգնի վարորդը, որտե՞ղ վարորդն իմանա, որ ինքը պիտի կանգնի, որ վրաերթ կենթարկի: Չկա գծանշում, բայց կարմիր գծեր կան»,- նշեց Արտաշես Միսակյանը՝ ցույց տալով ճանապարհային ոստիկանին, որը կարգավորում էր ճանապարհը, վարորդների հրահանգում կանգնել եւ ճանապարհ տալ հետնիոտին:
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ասացին, որ նմանատիպ ակցիաներ հնարավոր է անցկացվեն նաեւ Երեւանի այլ վարչական շրջաններում:
Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը եւ մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում սահմանել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











