Աբովյան քաղաքի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի մարզային իրազեկման առաջին հանրահավաքը տեւեց մոտ մեկ ժամ։
Ելույթ ունեցան ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Ժառանգության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ հավաքի վերջում մի քանի քաղաքացիներ մոտեցել են պատգամավորներին եւ հարցրել, թե որտեղ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրենք եկել են նրան տեսնելու համար:
Հավաքի վերջում հավաքված մարդկանց մեծ մասը հեռացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարգործական անվճար ավտոբուսներով։
Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, եռյակը կլինի Հրազդանում։ Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքին ընդառաջ եռյակը նախատեսում է հանրահավաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում:











