Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելով՝ Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում ուրիշ ելք, քան բիրտ ուժին հենվելը, մարդկանց բռնաճնշումներին ենթարկելը չի տեսնում, բայց Լիսկաները չեն օգնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
«Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի նշանակումով այսօր իշխանությունն հայտարարություն է արել: Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ Լիսկան ինքը չի, Լիսկան ես եմ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է արել՝ Լիսկան ինքը չի, Լիսկան ես եմ: Հայաստանի իշխանություններն ասել են՝ մենք Լիսկաների իշխանություն ենք: Ավելի խայտառակ արհամարհանք հանրային կարծիքի նկատմամբ ուղղակի դժվար էր պատկերացնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լեւոն Զուրաբյանը անլուրջ անվանեց այն կանխատեսումները, որ շուտով Ժառանգությունն էլ ՀՅԴ-ի նման կլքի եռյակը՝ նշելով, որ դրա վառ ապացույցը այսօրվա՝ Աբովյանում կայացած հանրահավաքն էր, որին մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցությունը:











