Սեւամորթ կինը, ում հուլիսի 5-ին ԱՄՆ-ում ոստիկանը դաժանորեն ծեծել էր ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, ոստիկանությունից 1.5 մլն դոլարի չափով փոխհատուցում կստանա: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում: Կինը ճանապարհն անցել է սխալ վայրում եւ քայլել ճամփեզրի երկայնքով, երբ նրան է մոտեցել ճանապարհային ծառայության սպան: Տեղի բնակչի ավտոմոբիլային տեսագրության ձայնագրությունը, որը նա տրամադրել է տեղական հեռուստաալիքներից մեկին, երեւում է, որ ոստիկանը կտրուկ բռնում է կնոջ ձեռքը, գցում գետնին, նստում նրա վրա եւ բռունցքի հարվածներ տեղում դեմքին ու գլխին: Կնոջը բռնելու հարցում սպային օգնել է քաղաքացիական հագուստով մի ոստիկան, ով ծառայության մեջ չի եղել: Իրավիճակն ավելի սրվել այն հանգամանքի պատճառով, որ տուժածն անտուն աֆրոամերիկուհի է, իսկ ոստիկանը՝ սպիտակամորթ:

Կալիֆորնիա նահանգի ճանապարհա-պարեկային ծառայության ներկայացուցիչ Ջո Ֆերոուն եւ տուժածի փաստաբանը տեղեկացրել են, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կնոջը 1.5 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարելու մասին: Բացի այդ, կնոջը ծեծի ենթարկած ոստիկանը համաձայնել է ազատվել աշխատանքից:

Միջադեպի տեսագրությունն ավելի ուշ հայտնվել է համացանցում եւ լայն արձագանք ստացել: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քրիս Օուքվինը հայտարարել է, որ կինը մայրուղին անցել է՝ «վտանգի ենթարկելով իրեն եւ երթեւեկության մյուս մասնակիցներին»: Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել:

Ռասայական ենթատեքստ ունեցող նման միջադեպերն ԱՄՆ-ում բազմիցս հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում եւ իրավապահ մարմինների աշխատանքի շուրջ քննադատության ալիք բարձրացրել մարդու իրավունքների պաշտպանների կողմից: