«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտոերթով եկան ԴԱՀԿ շենքի մոտ՝ ներկայացնելու իրենց դիմած վարորդներից մի քանիսի բողոքները. քաղաքացիները ժամանակին վճարել են տուգանքը, սակայն ամիսներ անց ծանուցում են ստացել, որ չվճարելու պատճառով իրենց տուգանքը հնգապատկվել է (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը բարձրախոսով պահանջեց. որ իջնի այն աշխատակիցը, որը կազմել է այդ արձանագրությունը: Այդ ժամանակ շենքից դուրս եկավ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, որն անցկացվող ակցիան անվանեց «շոու»:
«Կոշկի-միշկի եք խաղում, ի՞նչ մուլտֆիլմեր եք նայել, որ եկել, ասում եք՝ լեյտենանտ Հակոբյան, իջիր ներքեւ: Դուք պատվեր եք կատարում, իսկ այդ բողոքող քաղաքացիները կարող էին իրենք դիմել»,- ասաց Միհրան Պողոսյանը, ինչին հավաքվածները հակադարձեցին, որ հազարավոր նման հարցեր կան, որոնք այդպես էլ չեն լուծվում, եւ իրենք ցանկանում են տեսնել մեղավորին:
Գլխավոր հարկադիր կատարողն էլ ցուցարարներին պատասխանեց, որ մեղավորն ինքն է եւ պատասխանատվություն է կրում բոլոր աշխատողների համար:
Այս պահին Միհրան Պողոսյանը լրագրողներին եւ նախաձեռնության անդամներին հրավիրել է նիստերի դահլիճ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











