Երեքուկես տարեկան Իգոր Զաքյանին Ֆրանսիայում աչքի խնձորակի սուբատրոֆիան երկրորդ անգամ վիրահատելու համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից իր եւ կնոջ համար թույլտվություն ստանալու համար Ռոմա Զաքյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երեխայի հայրը «Օգնենք փոքրիկ Իգորին» պաստառով, որի վրա բացի գրությունից՝ պատկերված էր երեխայի լուսանկարները, դեսպանատուն էր եկել բարեկամների համար՝ պահանջելով մուտքի վիզա իր եւ կնոջ համար, որ կարողանան փոքրիկ Իգորին տանել վիրահատության։
Նշենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է ծնողներից միայն մեկին: Ապրիլին Զաքյանը որդու հետ էր մեկնել Ֆրանսիա, որտեղ սակայն երեխան հրաժարվել էր մնալ առանց մոր եւ ստիպված վերադարձել էին Հայաստան։ Այժմ Զաքյանները պայքարում են ծնողների համար վիզա ստանալու համար։
NEWS.am-ի հետ զրույցում Ռոմա Զաքյանը նշեց, որ իրենք այս պահին պետք է հիվանդանոցում լինեին, ոչ թե դեսպանատան առջեւ։
«Չի կարելի մարդկանց հետ այս կերպ վարվել։ Ես հիմա այստեղ եմ, որպեսզի ինչ-որ ազդեցություն ունենամ։ Անընդհատ հեռախոսիս եմ նայում՝ հույս ունենալով, որ կզանգեն, բայց իրենք մենակ վարագույրի հետեւից են նայում»,- ասաց նա։
Հավաքվածները փորձեցին կապ հաստատել դեսպանատան հետ, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին ներս մտնել՝ պատճառաբանելով, որ իրենք գրավոր նամակը ստացել են։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ռոմա Զաքյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին իրենք պետք է լինեն Ֆրանսիայում հետազոտության համար, իսկ հոկտեմբերի 3-ին նշանակված է Իգորի վիրահատությունը։











