Հրազդանում ոչ իշխանական եռյակի՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», համատեղ իրազեկման մարզային հանրահավաքը այսօր՝ սեպտեմբերի 26-ին հարթ չի ընթանում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքի առաջին շարքերում կանգնած 5-6 կանայք անընդհատ աղմկում են՝ ընդհատելով ելույթները եւ պահանջելով, որ քաղաքական գործիչները հեռանան:

«Հեռացեք, Սերժը պիտի մեր նախագահը լինի, ինքն ա ամենալավ նախագահը, եկել, մեզ խառնում եք, բոլորդ ձեր շահն եք հետապնդում»,- բղավում են կանայք՝ նշելով, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը կարող է ղեկավարել միայն ներկայիս նախագահը։

Նշենք, որ նախօրեին Աբովյանում կայացած՝ եռյակի իրազեկման առաջին ակցիայի համեմատ Հրազդանում հանրահավաքի մասնակիցների թիվը բավական փոքր է՝ 200-300 մարդ:

Հիշեցնենք, որ սա եռյակի երկրորդ մարզային հանրահավաքն էր՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքին ընդառաջ: Սեպտեմբերի 28-ին եռյակը կայցելի Սիսիան եւ Կապան: