ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը պնդում է, որ երբեւէ չի ճանաչել Արթուր Սարգսյանին, որը մեղադրվում է Կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ։ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, գործով դատական նիստին հարցաքննվող Դավիթ Սարգսյանը տուժողների ներկայացուցիչների գրեթե բոլոր հարցերին բացասական պատասխան տվեց:
Նշենք, որ ֆինանսների նախկին նախարարը հարցաքննության էր հրավիրվել տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանի միջնորդությամբ: Փաստաբանը միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ բոլոր տուժողներն իրենց ցուցմունքներում նշել էին, որ Արտյոմ Առուստամյան ներկայացած ամբաստանյալ Արթուր Սարգսյանին հովանավորել է Դավիթ Սարգսյանը, ամբաստանյալը հաճախ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ:
«Ես չեմ ճանաչում Արթուր Սարգսյանին, երբեւէ հեռախոսով չեմ խոսել նրա հետ: Ոչ էլ Արտյոմ Առուստամյան անունով մարդու եմ ճանաչել»,-հայտարարեց Դավիթ Սարգսյանը:
Տուժողների ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը նշեց, որ տուժող Է.Գ.-ն իր ցուցմունքում հայտնել է, որ ամբաստանյալն իրեն է ներկայացրել «Դուետ իդեալ» ՍՊԸ-ին ավտոգազալիցքավորման ճնշակայան կառուցելու թույլտվություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը՝ Դավիթ Սարգսյանի ստորագրությամբ: Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը նման փաստաթուղթ չի ստորագրել:
«Այդ փաստաթուղթն իմ ձեռքով չի արված, այդտեղ իմ ստորագրությունը չի, ես չեմ ստորագրել այդ այդ փաստաթղթի տակ, չէի էլ կարող, նման լիազորություն չունեի»,-ասաց նա:
Նախկին նախարարը նշեց, որ ճանաչում է միայն տուժողներից մեկին, որն էլ իրեն մոտեցել է փողոցում, ասել, որ ինչ-որ մեկն իրեն երաշխիք է տվել Դավիթ Սարգսյանի անունից:
«Իմ ներկայությամբ զանգեց ինչ-որ անձի: Ես հարցրի՝ ի՞նչ, իմ անունից բա՞ն եք խոսք տվել, ասաց՝ այո: Ես զարմացա, հետո այդ մարդու համարը վերցրի: Պարզեցի, որ դա կառավարության աշխատակազմի գործավար Գայանե Մաթեւոսյանի ամուսինն է եղել»,-ասաց Դավիթ Սարգսյանը՝ նշելով, որ դրանից հետո աշխատանքից հեռացրել է գործավարին:
Տուժող Է.Գ-ն, որին Դավիթ Սարգսյանը փողոցում հանդիպել էր, նշեց, որ իրենց հանդիպումից րոպեներ անց Արթուր Սարգսյանն արդեն տեղյակ էր դրա մասին, մանրամասն գիտեր, թե ինչ են խոսել: Տուժողը հետաքրքրվեց՝ որտեղից նա գիտեր այդ ամենը, եթե չէր ճանաչում նախկին նախարարին, ինչին Դավիթ Սարգսյանը պատասխանեց.
«Երբ դուք մոտեցաք ինձ ու հարցրիք՝ ճանաչում եմ ոմն Արտյոմի, թե ոչ, դուք ինքներդ զանգահարեցիք նրան եւ ըստ էության սկսեցիք պատմել մեր խոսակցությունը: Պատասխանը ձեր մեջ փնտրեք»:
Տուժողներից Բ.Ա.-ն էլ նշեց, որ Արթուր Սարգսյանն ամեն օր իր ներկայությամբ ասել է, որ Դավիթ Սարգսյանի աշխատակիցն է, ինքը տեսել է Դավիթ Սարգսյանի նկարը ամբաստանյալի հեռախոսին, ներկա է եղել նրանց հեռախոսային խոսակցություններին:
«Ամեն առավոտ Արթուր Սարգսյանը նոր եռանդով, նոր հարցադրումներով ասում էր՝ Դավիթ Սարգսյանը պահանջել է, որ այս պիտի անեք, այն պիտի անեք»,-ասաց նա:
Տուժողը նշեց նաեւ, որ ինքը Դավիթ Սարգսյանին ցավակցել է նրա մոր թաղման օրը, դրա մասին նույնպես Արթուր Սարգսյանն անմիջապես իմացել է:
«Որտեղի՞ց Արթուր Սարգսյանը մեկ ժամվա մեջ իմացավ, որ ես գերեզմանատանն եմ եղել, եթե ես այնտեղ միայն Ձեզ եմ տեսել»,-ասաց տուժողը: Նրա հարցը Դավիթ Սարգսյանը վիրավորական համարեց, նշեց, որ հոգեհանգստի արարողությանը բազմաթիվ մարդիկ են եղել, ապա տուժողին կրկին հորդորեց պատասխանն իր մեջ փնտրել:
Տուժողների ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը նշեց, որ քրեական գործով երեւում է, որ Դավիթ Սարգսյանը երկու անգամ Արտյոմ Առուստամյանի անունով անցագիր է իջեցրել Կառավարության անցակետ, որպեսզի նա մտնի կառավարության շենք: Դավիթ Սարգսյանը հերքեց, թե այդ անցագրերն ինքն է իջեցրել: «Երբեք ոչ մի նախարար անձամբ ոչ հայտ է ներկայացնում, ոչ զանգ է տալիս անցագրային կետ, որ որեւէ մեկը մուտք գործի Կառավարության շենք»,-ասաց նա՝ նշելով, որ միայն գործավարները կարող էին անցագիր իջեցնել:
Նշենք, որ նախկին նախարարի հարցաքննության ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչների հարցերին միջամտում էր ամբաստանյալի պաշտպանը, ինչը վրդովեցրեց տուժողներին: «Դուք Արթուր Սարգսյանի՞ պաշտպանն եք, թե՞ Դավիթ Սարգսյանի»,-տեղից պաշտպանին դիմեց նրանցից մեկը:
Նախկին նախարարի հարցաքննությունն ավարտվեց, հաջորդ նիստին կհարցաքննվի ամբաստանյալը:
Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ներկայանալով որպես պաշտոնատար անձ, առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբերից մինչև 2012թ. մարտը տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ։











