Կապանում այսօր՝ սեպտեմբերի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իր ելույթում պատրաստվում էր խոսել Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին, սակայն անունը տալուն պես բարձրախոսերը սկսեցին խշշալ: Եռյակը հայտարարեց, որ էլեկտրականությունն անջատվել է՝ դա դիտարկելով որպես դիտավորություն եւ սադրանք:,
«Ով անջատեց հոսանքը՝ չգիտեմ: Բայց դուք, կարծում եմ, գիտեք»,- կապանցիներին դիմեց ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը:
Սակայն դա չխանգարեց, որ եռյակը շարունակի հանրահավաքը, նրանք իրենց հետ գեներատոր էին բերել:
Հավաքվածները ի նշան դժգոհության շրջվեցին մարզպետարանի շենքի կողմը՝եւ սկսեցին սուլել:
Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հերքեց դիտավորության վարկածը՝ հերքելով Կապանում ցանկացած սադրանքի հնարավորությունը:
«Տարրական ֆիզիկա է, եթե հոսանքն անջատվեր խշշոց չէր լինի, թե ինչ էր իրականում, հարցրեք կազմակերպիչներին»,-ասաց նա:
Նշենք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակի ուժերը («Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ) իրազեկման հանրավաքներ են անցկացնում մարզերում՝ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ: Այսօր եռյակը հանրահավաք է արել Սիսիանում, իսկ այժմ Կապանում է:











