Հայաստանի Ազգային ժողովում անպատասխան են թողել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը, որը վերաբերել է հայ-թուրքական արձանագրություններին եւ ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այդ վայրը չէ, գրողի ծոցը չէ, թեպետ կարելի էր նաեւ պնդումներ անել, որ այստեղ գրողի ծոցը հասկացությունն իրականությանը համապատասխանում է, քանի որ այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները»,-ասել է Փոստանջյանը, ինչին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է. «Մինչեւ նիստի սկսվելը ես խնդրեցի պահպանել քաղաքական կոռեկտություն եւ խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ: Եթե դուք չեք խոսելու օրակարգի վերաբերյալ, ես ստիպված եմ անջատել Ձեր խոսափողը: Խոսեք բացառապես օրակարգից»:

Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորը նշել է. «Պարոն Շարմազանով, գրողի ծոց բառակապակցությունը հեղինակային իրավունքով հնչել է ՄԱԿ-ի ամբիոնից, օգտագործվել է Ձեր կուսակցության ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի կողմից»:

«Ձեր հայտարարությունը օրակարգի հետ կապ չունի, անջատեք տիկին Փոստանջյանի խոսափողը»,-խոսակցությունը փակել է Շարմազանովը: