Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում սեպտեմբերի 28-ին Սեւանա լճից բաց թողնված ջրից վարարած Հրազդան գետի ջուրը փչացրել է բնակիչների ամբողջ բերքը: Հրազդանցիները NEWS.am-ին բողոքեցին, որ անելանելի վիճակում են հայտնվել, կորցրել են իրենց ձմեռվա ապրուստը:
«Գոնե երկու օր ուշ բացեին, մենք մեր բերքը հասցնեինք հավաքել: Ամբողջը՝ կարտոֆիլ, կաղամբ, լոբի, մնաց ջրի տակ, մեր ամբողջ ձմեռվա ապրուստը, մեր եկամուտը սաղ մնաց ջրի տակ, պիտի բերքը ծախեինք, մեր դարդին դարման անեինք, հիմա ոչ ուտելու կարտոշկա կա, ոչ ծախելու»,-ասաց բնակիչներից Ռաֆիկ Կնյազյանը:
Թաղամասի բնակիչները նշեցին, որ նախապես զգուշացված չեն եղել, որ այդ օրը լճից ավելի մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվելու, այդ պատճառով հնարավոր չի եղել գոնե բերքի մի մասը փրկել:
«Թաղապետն զգուշացրել էր, որ ջուր են բաց թողնելու, բայց չէինք իմացել, որ հենց այդ օրն են բաց թողնելու»,-ասաց Ռաֆիկ Կնյազյանը:
Այգիներից բացի ջուրը լցվել է նաեւ հրազդանցիների տները, փչացրել տան գույքը, Ջրառատ թաղամասի տներից մի քանիսում ջուրը քշել է ընտանի կենդանիներին, փչացրել հավաքած ու չորացրած խոտը:
Բնակիչների խոսքով՝ իրենց վիճակով դեռ ոչ մի պատկան մարմին չի հետաքրքրվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել Հրազդան գետի վարարման եւ տներ լցվելու մասին: Պարզվել էր, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 18.00-ից Սևանա լճից բաց էր թողնվել 6 խ.մ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ ջուր, ինչից վարարել էր Հրազդան գետը, մասամբ ջրալցվել էին Ջրառատի տներից մի քանիսը: Դեպքի մասին տեղեկացվել էին «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ տնօրենը, Հրազդանի քաղաքապետը, Սևան-Հրազդան Կասկադի ավագ դիսպետչերը: Ժամը 23.00-ի դրությամբ Սևանա լճից ջրի թողունակությունը նվազել էր 1 խ.մ/վ, ինչից ջրալցումը դադարել էր:











