Ընդդիմությունը պետության հետ երբեւիցե չի կարող պահանջներով խոսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում խորհրդարանական քառյակի ներկայացրած պահանջներին։
Դիտարկմանը, որ այսօր լրանում է քառյակի ներկայացրած տասներկու կետերից բաղկացած պահանջների ժամկետը, Առաքել Մովսիսյանն ասաց. «Հլը էս երկրում չկա ոչ մեկը, ով ուզենա ժամկետ դնի պետության վրա։ Պետությունը մեկն ա»։ Միաժամանակ նա նշեց, որ նորմալ է վերաբերվում ընդդիմության հանրահավաքներին։
Հարցին, թե համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ կուսակցությանը ընդդիմադիր, պատգամավորն ասաց. «Ինքը առաջուց էլ պետության համար ընդդիմություն է եղել, եւ ես նորմալ եմ գնահատում դա։ Ընդդիմությունը պետք ա։ Ես չեմ լսել, որ իրանք իշխանափոխություն են ուզում։ Նույն Ծառուկյան Գագոն երբեք չի ասել իշխանափոխություն։ Անունն ինչ ա, Արամ Մանուկյանա ինչ ա, որ նախագահի հասցեով... Դա նշանակում ա, որ նա իր տունն էլ ա էտ ձեւ կարգավորում, քֆուր ա տալիս, հայհոյանք ա անում միտինգ ժամանակ։ Ով որ նախագահին քֆուր ա տալիս, նրանք սրբություն չունեն»։
Դիտարկմանը, որ շատ պատգամավորներ խորհրդարանում նույնպես հայհոյանքներ են հնչեցնում, այդ թվում նաեւ ինքը, Առաքել Մովսիսյանն ասաց. «Պետք լինի, էլի կհայհոյեմ, ես թաքուն չեմ անում այդ ամեն ինչը։ Ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին հայհոյողին ես համարում եմ դավաճան»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











