Սյունիքի մարզպետ նշանակելիս՝ կառավարությունը մրցույթ է հայտարարել քրեական աշխարհում։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ։
«Գողական հավաքույթում՝ սխոդկային, վերոհիշյալ հարցի քննարկման ժամանակ, որոշվել է, որ տվյալ անձը ամենահարմար թեկնածուն էր, քանի որ, ըստ մրցույթի պահանջների, համարվում էր լավագույն թեկնածու։ Սխոդկայի ժամանակ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Մինչ վարչապետը կպատասխաներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Երանի ես պատասխանողը լինեի»։
«Տիկին Փոստանջյան, ես գիտեմ որ դուք պատգամավոր եք, փաստաբան եք, բայց չգիտեի, որ սխոդկաների լուրջ կազմակերպիչ եք։ Ընդհանրապես, ես խնդրում եմ, այս դահլիճում չափի մեջ խոսել, եւ փողոցային խոսակցություններ չբերել դահլիճ։ Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները միտինգին հայհոյում են այս կամ այն քաղաքացուն, երկրի ղեկավարին։ Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել, որ իրենց չափը ճանաչեն։ Եւ, ընդհանրապես ձեր արժեքի գինը պետք է ճանաչեք».- ասաց վարչապետը։











