«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող՝ մանր ու միջին բիզնեսով զբաղվող հարյուրավոր գյումրեցի առեւտրականներ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հավաքվել են Շիրակի մարզպետարանի առջեւ՝ պահանջելով հանդիպում մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առեւտրականները փակել են ճանապարհը եւ պահանջում են, որ մարզպետն իջնի իրենց հետ հանդիպման։

Մարզպետարանի մոտ են նաեւ մեծ թվով ոստիկաններ, որոնք փորձում են քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից՝ հրմշտելով, ստիպողաբար հեռացնելով: Առեւտրականները հրաժարվում են հեռանալ, ինչի պատճառով ոստիկանների եւ հավաքվածների միջեւ բախումներ են տեղի ունենում: Բողոքի ակցիայի մեկնարկից մոտ մեկ ժամ անց մարզպետարանի մոտ եկավ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Նշենք, որ վիճահարույց օրենքի դեմ գյումրեցի առեւտրականները արդեն 3-րդ օրն է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացնում, փակում են քաղաքի կենտրոնական փողոցները, սակայն այդպես էլ չեն կարողանում հանդիպել մարզպետին։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։