Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։ Փլուզման հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճանապարհը բացելու համար դեպքի վայր է բերվել շինարարական տեխնիկա, ինչի հետեւանքով կրկին մեծ քանակությամբ քարեր են ընկել: Այժմ դեռ առկա է քարաթափման վտանգ, շինարարներն իրավիճակի մասին տեղեկացրել են Տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան վարչությանը:
Դեպքի վայրում են նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք վարորդներին զգուշացնում են վտանգի մասին, հսկում, որ ճանապարհի այդ հատվածում խցանումներ չառաջանան:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայումս ճանապարհը երթեւեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։
Կատարված մաքրման աշխատանքների վերաբերյալ լուսանկարները եւ տեսանյութը կներկայացվեն ավելի ուշ:











