Ռուսաստանցի իրավապահները երեկոն անցկացրել են հասարակաց տանը՝ մարմնավաճառների հետ, իսկ ավելի ուշ զեկույց են ներկայացրել հաջող կերպով իրականացված հատուկ խոշոր գործողության մասին, փոխանցում է LifeNews-ը:
Իրավապահների բուռն պահվածքը հայտնվել է թաքնված տեսախցիկների կադրերում: Նրանք հասարակաց տանը եղել են սեպտեմբերի 24-ին՝ քրեական հետախուզության պետ, մայոր Սերգեյ Յուրկինի գլխավորությամբ:
Մինչ շարքային աշխատակիցները փաստաթղթերն էին ձեւակերպում, վերջինս ոգելից խմիչք էր խմում: ՆԳՆ աշխատակիցներից մեկը Յուրկինին մի քանի շիշ ըմպելիք է բերում, հետո մայորը օղի է պահանջում: Երեկոյան 11-ի սահմաններում հաստատություն է գալիս ոստիկան՝ թունդ խմիչքների երկու տուփով, ինչից հետո ոստիկանության բոլոր աշխատակիցներն են սկսում խմել եւ կենաց ասել: Ղեկավարը բոլորին բարյացակամորեն թույլ է տալիս խմել եւ շարունակել աշխատանքը: Ինչ-որ պահի իրավապահները պայմանավորվում են, թե ինչ մեքենաներով են գնալու տուն: Ամենայն հավանականությամբ, ղեկի մոտ նստել են նրանցից ոմանք՝ սաստիկ հարբած վիճակում:











