Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, «Հրազդան» ստադիոնում ընկերական խաղ անցկացրին լրագրողների թիմի հետ: (ֆոտոռեպորտաժ)
Պատգամավորներից խաղին մասնակցել են ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, Սամվել Ֆարմանյանը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, թիմի ավագը ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն էր, գլխավոր մարզիչը Բաբկեն Մելիքյանը:
Խաղը դիտելու էին եկել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ:
Չնայած խաղադաշտում ԱԺ-ի ֆուտբոլիստները պասիվ էին, մեծ մասամբ պաշտպանվում էին, տրիբունաներում պատգամավորներն ու փոխարինողները ակտիվ էին, յուրաքանչյուր դրվագի էմոցիոնալ արձագանքում էին, երբեմն նաեւ մեղադրում լրագրողների թիմին եւ մարզչին՝ խաղի կանոնները խախտելու համար:
«Դավայ, Սամո, Էդո, գնդակը աջ քաշի, սուդյան արդար չի»,- բղավում էին պատգամավորները:
Խաղադաշտում թերեւս ամենակտիվը Աշոտ Աղաբաբյանն էր, որ ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում վիճում էր լրագրողների թիմի ավագ, հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանի հետ:
«Րոպեն մեկ փոփոխություն ես անում, սխալ ա ըտենց, կանոնները չես պահում, մեկին հանում, մյուսին են մտցնում, նույն խաղացողը արդեն քանի անգամ զամենա գնաց, հետ եկավ դաշտ»,- բարկացավ ՀՀԿ-ական պատգամավորը, ինչին Կարեն Գիլոյանն արձագանքեց, թե նախապես որոշվել էր այդ կանոնը խախտել՝ թույլ տալով խաղացողներին հանգստանալ:
Խաղի ընթացքում NEWS.am-ը Հովհաննես Սահակյանին հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն ունի խաղից:
«Լրագրողները եթե դաշտում մեզ հարց չտան, մենք կհաղթենք: Մեր թերությունը մեր գեր լինելն է, բայց հաղթելու ենք: Իսկ ընդհանրապես մենք պատգամավորներով ամեն ուրբաթ հավաքվում ենք, միասին ֆուտբոլ խաղում, իհարկե սիրողական մակարդակով»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն այնքան էլ ֆուտբոլի սիրահար չէ, բայց կողմ է, որ այս կերպ գոնե մարդիկ քաղաքականությունից կտրվեն:
«Մենք շատ ենք քաղաքականացվել, այսօր միայն քաղաքականությունից ենք խոսում, բայց չպետք է մոռանանք, որ սպորտը, մշակույթը շատ կարեւոր են: Բացի դրանից՝ մեր պատգամավորներն ապացուցում են, որ սպորտում կուսակցությունը, ազգը կապ չունեն: Հենց այսպես էլ կյանքում պետք է լինի»,- նշեց ԱԺ նախագահը:
Ի դեպ, Գալուստ Սահակյանը միակ երկրպագուն էր, որ խաղին հետեւում էր լուռ, ոչ մի դրվագի չէր արձագանքում:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ-ական Արման Սահակյանից էլ հետաքրքրվեցինք, որ ինչպես է գնահատում խաղը: «Իհարկե, «Շիրակի» հետ համեմատելի չէ, բայց վատ չեն խաղում, տեսնենք՝ ինչ կանեն: Չմոռանանք, որ պրոֆեսիոնալ չեն, բայց դե ոնց որ պարտվում ենք»,- ասաց պատգամավորը:
Իսկ ԱԺ թիմի ավագ Աշոտ Աղաբաբյանն էլ բողոքեց, թե «շատ ենք տանջվում»:
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո մարզադաշտում այլեւս թիմի ավագին չտեսանք:
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով, ՀՀԿ-ական պատգամավորներն ամեն կերպ աջակցում էին միմյանց, մի պահ նույնիսկ խաղադաշտում հայտնվեց միանգամից 12 ֆուտբոլիստ: Իսկ երբ խաղի վերջնամասում Շարմազանովը չկարողացավ մոտ տարածությունից գրավել մրցակցի դարպասը, դիմեց լրագրողների թիմի մարզչին՝ Կարեն Գիլոյանին. «Գիլոյան, ձենդ տաք տեղից ա գալիս»:
Պարտված, հոգնած պատգամավորները, այնուամենայնիվ, ասում էին, որ դժգոհ չեն խաղի արդյունքից:
Նշենք, որ լրագրողների թիմից այսօր գոլի հեղինակներ դարձան ռադիոհաղորդավար Խորեն Թեւանյանն ու ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաեւ NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը:











