«Շանթ» հեռուստաընկերությունն իր 20-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 7-ին կկազմակերպի հեռուստամարաթոն` Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների մասնաճյուղ ստեղծելու համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, հեռուստաընկերության 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ասաց «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր Արթուր Եզեկյանը։
«Շատ կարեւոր է նման կենտրոնի ստեղծումը Գյումրիում, որպեսզի գյումրեցի երեխաներն ու պատանիները ձեռք բերեն հմտություն եւ փորձառություն՝ արժանապատիվ ապրելու եւ իրենց հայրենիքին օգտակար լինելու համար: Շատ շնորհակալ կլինեմ բոլոր նրանց, ովքեր կաջակցեն մարաթոնին»,-ասաց Արթուր Եզեկյանը:
Նրա խոսքով` «Շանթ» հեռուստաընկերությունը երկար եւ բարդ ճանապարհ է անցել 1994թ. հիմնադրվելուց ի վեր. «Մեզ վրա մեծ պատասխանատվություն էր դրված էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում, ցրտի պայմաներում ամեն օր, նույն ժամին ապահովել տեղեկատվություն Շիրակի տարածաշրջանից, մարդկանց մոտ ստեղծել կյանքի շարունակականության տպավորություն, հույս ներշնչել ապագայի հանդեպ, եւ այդ ամենով հանդերձ մենք կարողացանք գոյատեւել եւ 20 տարի լինել մեր հեռուստադիտողի կողքին»:
«Շանթ» հեռուստաընկերությանը շնորհավորելու էին եկել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Ընդհանրապես լրատվամիջոցները մեծ դեր ունեն մատաղ սերնդի դաստիարակման գործում, իսկ «Շանթը» մեր երկրի անկախացումից հետո սկսեց նորարարական ծրագրեր հեռարձակել, որոնք տարբերվում էին մեր մյուս հեռուստաալիքների ծրագրերից, եւ այսօր հեռուստադիտողների մեծ բանակ ունի: Հատկապես գնահատում եմ մշակութային պահպանությանն ուղղված իրենց ծրագրերը եւ իրենց երկարակեցություն եմ մաղթում»,- շնորհավորական խոսքում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը «Շանթ» հեռուստաընկերությանը պարգեւատրեց գյուղատնտեսության ոլորտը լավ լուսաբանելու համար։











