ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

«Նամակ Անցյալից Ապագային, որը մեզ պատգամել է Խրիմյան Հայրիկը

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք եւ իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, եւ եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի եւ իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ եւ առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երեւի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ եւ արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում եւ չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջեւ բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարեւորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում…

Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:

Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն եւ անարդար, մենք փնտրեցինք արդարություն եւ չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել…

Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլեւս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի»:

Սիրելի հայրենակիցներ, մեր սերունդը պարտավոր է կյանքի կոչել մեզ ժառանգություն թողնված՝ արդեն անկախ հայրենիքի պաշտպանությունը եւ նրա սահմանների ընդլայնումը:

Ապրենք եւ հզորանանք մեր դարավոր երազանքի ներքո, մեր պապերի երազանքի ներքո, մեր միլիոնավոր նահատակների երազանքի ներքո եւ ապացուցենք մեզ բաժին հասած բախտի զորությունը:

Ուրեմն՝ չենք ենթարկվում մեզ հետ օտարի պես վարվողների հրամաններին եւ չենք հնազանդվում նրանց:

Եվ մեր իրավունքները նվաճում ենք երկաթե շերեփով»: