Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները Վայոց Ձորի մարզի տարածքում հայտնաբերել էին արջի երկու քոթոթ, հյուծված եւ անմխիթար վիճակում: Բնապահպանության նախարարության եւ WWF-Հայաստանի համատեղ ջանքերով արջի քոթոթները տեղափոխվել եւ մոտ երկու ամիս անասնաբույժի վերահսկողությամբ խնամվում եւ կազդուրվում էին WWF-Հայաստանի կողմից հատկացված հատուկ տարածքում, մինչեւ որ կրկին կվերադարձվեին վայրի բնություն:

Կենդանիների պաշտպանության օրվան ընդառաջ՝ ՀՀ բնապահպանության նախարարության եւ WWF-Հայաստանի աշխատակիցներն իրականացրել են արջերի վերդարձը վայրի բնություն: Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով եւ Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության /բուֆերային/ գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար, համեմատած այն տարածքի, որտեղից կենդանիները հայտնաբերվել էին:

Աշխատանքներին հետեւել են ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը եւ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: