Հայ ծրագրավորողների ստեղծած PicsArt ամերիկյան ընկերության` լուսանկարների խմբագրման հավելվածից ամբողջ աշխարհում օգտվում է 165 միլիոն մարդ, եւ այն ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ծրագրերի մեջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դիջիթեք» ամենամյա ցուցահանդեսին մասնակցող՝ Հայաստանում PicsArt-ի մարկեթինգի գծով ղեկավար Արուսյակ Կանեցյանը:
«PicsArt-ը ֆոտոխմբագրման եւ նկարելու համար նախատեսված հավելված է, որն աշխատում է Android, iOS, Windows Phone եւ Windows 8.1 պլատֆորմաների վրա, նաեւ ունի սոցիալական ցանց, որով կարող եք ձեր ստեղծագործությունները կիսել ուրիշ մարդկանց հետ: Այս հավելվածն ամբողջովին ծրագրավորել են հայ մասնագետները, եւ այն կարելի է ներբեռնել անվճար»,-ասաց Արուսյակ Կանեցյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրն ամեն ամիս կատարելագործվում է՝ ավելացնելով հնարավորությունները։
Նշենք, որ այս տարի «Դիջիթեք»-ի տասներորդ հոբելյանական ցուցահանդեսն է, որին մասնակցում են հայասատանյան ՏՏ ոլորտը ներկայացնող մոտ 150 կազմակերպություններ:
«ԴիջիԹեքի» հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծել, նաեւ այն միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:











