Աշխարհի միացյալ քոլեջներ (UWC) կրթական ցանցին միացած՝ Դիլիջանի քոլեջն այս տարի 96 ուսանող ունի, որոնցից տասը Հայաստանից են, մյուսները ժամանել են 48 երկրներից: Քոլեջի փոխտնօրեն Սալի Նորիսն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Դիլիջանի քոլեջում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրեթե բոլոր մայրցամաքներից ուսանողներ են ժամանել Հայաստան (Ֆոտոռեպորտաժ):
«Ուսանողներ են ժամանել անգամ Աֆրիկայից, Ավստրալիայից, Հյուսիսային Ամերիկայից: UWC-ի նպատակն է ընդունել այնպիսի ուսանողների, որոնք խանդավառությամբ են վերաբերվում իրենց ուսմանը, աշխատում են որեւէ բան փոխել իրենց շրջապատում, իրենց աշխարհում»,- ասաց Սալի Նորիսը:
Քոլեջում ուսման տարեկան վճարը 35 հազար ԱՄՆ դոլար է, սակայն ուսանողների մեծ մասն օգտվում է կրթաթոշակներից՝ վճարելով գումարի միայն 10 տոկոսը:
«Մեր նպատակն այն է, որ երբ ուսանողներն ընտրվում են, մենք նրանց հնարավորություն տանք, որ ի վիճակի լինեն վճարել եւ գալ: Եվ իրականում գումարը երբեւէ սովորելու համար պայման չէ »,- ասաց նա:
Դիլիջանի քոլեջի՝ արտերկրից ժամանած ուսանողները սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում նախապատրաստական փուլ են անցել, ծանոթացել հայկական մշակույթին, սովորել որոշ հայերեն բառեր: Առաջիկա 2 տարիներին նրանք կուսանեն իրենց ընտրած 6 առարկաները, որոնք դասավանդում են դասախոսներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, ընդ որում, մեծ մասն արտասահմանցի է։
Փոխտնօրենի խոսքով՝ մոտ ապագայում ուսանողները նաեւ պարտադիր կերպով հայոց լեզվի դասաժամեր կանցնեն:
«Նրանք այժմ պետք է սովորեն մեկ լեզու՝ որպես մայրենի լեզու, այնուհետեւ կընտրեն նաեւ երկրորդ լեզուն: Մենք ունենք բավական թվով ուսանողներ, որոնք սկսել են սովորել ռուսերեն եւ իսպաներեն: Բացի 6 հիմնական առարկաներից ուսանողներն ընտրում են եւս մեկ առարկա, որի ընթացքում ուսուցանում են գիտելիքի տեսություն: Մենք ունենք նաեւ այնպիսի ծրագիր, որի միջոցավ երեխաները կարողանում են ծառայություններ մատուցել համայնքին: Այդ ոլորտին UWC-ի քոլեջները շատ մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ այդ ծրագրի շնորհիվ ուսանողները կապ են հաստատում իրար հետ, այն նրանց մոտ առաջ է բերում առաջնորդի ունակություններ»,-ասաց Սալի Նորիսը:
Փոխտնօրենի խոսքով՝ UWC-ի ցանցի քոլեջների ուսանողներն ուսումն ավարտելուց հետո կարողանում են ակտիվ գործունեություն ծավալել տարբեր բնագավառներում. «UWC-ի միջազգային գրասենյակը հետազոտություն է արել. ուսանողները, որոնք բիզնեսի եւ քաղաքականության ոլորտում են ներգրավված եղել, ընդգրկված են հասարակության տարբեր բնագավառներում եւ ներգրավված են տարբեր համայնքներում»:
Դիլիջան քոլեջում ուսանողների ուսուցումը կիրականացվի ժամանակակից տեխնոլոգիաներով: Քոլեջի համալիրն իր մեջ է ներառում բացօթյա մարզահրապարակներ, բժշկական կենտրոն, փակ մարզահամալիր, բեմարվեստի կենտրոն, արվեստի սրահ, հանրակացարաններ, որտեղ ուսանողների հետ միասին կապրեն նաեւ ուսուցիչները:
Նշենք, որ UWC Դիլիջանի քոլեջը միջազգային համատեղ ուսուցման համալիր է, որն ստեղծվել է ռուսաստանաբնակ հայ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ջանքերով:Այն պաշտոնապես կբացվի հոկտեմբերի 11-ին։











