«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող մի քանի հարյուր մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հավաքվել են կառավարության առջեւ՝ պահանջելով վարչապետ Հովիկ Աբրահամյանից իր խոստացած ժամկետում տալ իրենց հարցերի պատասխանները։ Հիշեցնենք, որ կառավարարության վերջին նիստին՝ հոկտեմբերի 2-ին, մի քանի առեւտրականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել էր եռօրյա ժամկետում առաջարկել իր լուծումները նոր օրենքի հետ կապված առեւտրականների բարձրացրած մտահոգությունների առնչությամբ։
«Եթե նրանք այսօր ի նպաստ մեզ որոշում չկայացնեն, դա նշանակում է, որ կառավարությունը մեր մասին ընդհանրապես չի մտածում, եւ շատերը փակվելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց առեւտրական Գագիկ Ալավերդյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են ընտրության հնարավորություն տալ առեւտրականներին՝ գործել նոր օրենքի դաշտում, թե հին։
Գագիկ Ալավերդյանը նաեւ նշեց, որ նոր օրենքի պատճառով մեծ դժվարություններ կառաջանան փաստաթղթավորման հետ կապված, քանի որ իրենց մեծ մասը Թուրքիայից է ապրանք ներկրում, ինչը նշանակում է, որ փաստաթուղթ ստանալ իրենք չեն կարող։
Առեւտրականները կառավարության առջեւ կանգնած վանկարկում են՝ «պատասխան, պատասխան», նրանք իրենց հետ բերել են պաստառ՝ «Խոշոր բիզնեսը դուք եք, իշխանություն»՝ հայտարարելով, որ նոր օրենքն ընդունվել է ոչ թե խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու նպատակով, ինչպես պնդում է կառավարությունը, այլ ժողովրդի դեմ։
Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ։ Առեւտրականներից երեքն այժմ վարչապետի մոտ են։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։











